Վրաստանում վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի նվազում է նկատվում։ Սա նշանակում է, որ երկրում համաճարակային իրավիճակը կայունացման է գնում։
Այս մասին այսօր ասել են հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի մասնագետները։ Չնայած դրան` զգոնությունը կորցնել պետք չէ, քանի որ Եվրոպայում վարակի տարածման տեմպերը չեն նվազում։ Ըստ Վրաստանի վարակաբանների` արդյունքի հնարավոր է եղել հասնել խիստ արգելքների ու մեծածավալ թեստավորման արդյունքում:
Վարչապետ Գիորգի Գախարիան Առողջապահության նախարարությանը հրահանգել է այդ արգելքների վերացման ծրագիր մշակել ու հետևել ընթացքին։ Մեղմացումը սկսվելու է կրթության ոլորտից:
Վրաստանում ներկայումս 20-ին մոտ տարբեր սահմանափակումներ են ուժի մեջ. նոյեմբերի 28-ին, համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով մեծ քաղաքներում փակվեցին առևտրի կենտրոններն ու մթերքի շուկաները, ոչ մթերային խանութների մեծ մասը, չի աշխատում հանրային տրանսպորտը, կրթությունը հեռավար է, արգելված են բոլոր տեսակի մասսայական հավաքները: Սպասվում էր, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումների մեծ մասը հանվելու էր։
Վրաստանում 247 հազար վարակի, 234 հազար ապաքինման եւ 2958 մահվան դեպք է գրանցվել պանդեմիայի ողջ ընթացքում։