Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ հաջողված համագործակցության արդյունքում, մինչև տարեվերջ Վրաստանին կտրամադրվի մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն: Այս մասին հաղորդում են Վրաստանի վարչապետի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ գործընթացն էլ ավելի արդյունավետ համակարգելու համար, վարչապետ Գիորգի Գախարիայի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական խորհրդին կից ստեղծվել է հակաճգնաժամային տնտեսական խումբ:
Աշխատանքային խմբի կազմում են ներկայացուցիչներ կենտրոնական բանկից և խորհրդարանի հանձնաժողովներից:
Վարչապետի խոսքով, անհրաժեշտ է մտածել հետճգնաժամային ժամանակահատվածում քաղաքացիների, բիզնեսի և տնտեսության աջակցության մասին: Գախարիան աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը, Համաշխարհային բանկին, Ասիական զարգացման բանկին, վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Գերմանիայի զարգացման բանկին և Զարգացման ֆրանսիական գործակալությանը: