Վրաստանում հացը թանկանում է

Վրաստանում զանգվածային արտադրության գործարանային հացը թանկանում է, գրել է BusinessPressNews լրատվամիջոցը:

Ըստ տեղեկության՝ հացի որոշ տեսակների գինը վաճառատներում կբարձրանա 10 թեթրիով։ Խոսքը երեք տեսակի սպիտակ հացի մասին է՝ 410 գրամանոց, 530 գրամանոց և նույն քաշի կտրտած հաց։ Որոշ ցանցային սուպերմարկետներ արդեն տեղեկացվել են գնային փոփոխությունների մասին։

BusinessPressNews-ի հետ զրույցում Մանրածախ առևտրի ասոցիացիայի խորհրդի նախագահ Սոփո Քաշակաշվիլին նշել է, որ կոնկրետ ձեռնարկությունների համար գների փոփոխությունը 11-16 տոկոսի սահմաններում է։ Սպառողները մարտի 5-ից կնկատեն սպիտակ հացի թանկացումը:

Վրաստանի հացարտադրողների միության նախագահ Մալխազ Դոլիձեն էլ նշել է, որ գնի փոփոխության պատճառը կարող են լինել համաշխարհային շուկայում ցորենի գնի բարձրացումը և փաթեթավորման նյութերի գնի փոփոխությունը, ինչը որոշակի հաց արտադրողներին ստիպել է ճշգրտել գները։

Հիշեցնենք, որ զանգվածային արտադրության հացի թանկացմանն այժմ նախորդում է ներկրվող ալյուրի հարկի երկարաձգման որոշումը։ «Վրացական երազանք»-ի կառավարության որոշմամբ՝ ալյուրի ներմուծման հարկը կշարունակվի մարտի 1-ից հետո, իսկ սակագինը կբարձրանա։ Նախկինում ներկրվող ալյուրի մեկ տոննայի հարկը կազմում էր 250 լարի, իսկ մարտի 1-ից հասցվել է 300 լարիի։ Վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է լինելու 1 ամիս՝ մինչև ապրիլի 1-ը։