Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները երիտասարդների են ձերբակալել:
Ձերբակալվածների թվում «Toyota Camry» մեքենայի վարորդն ու ուղևորն են, ռեգբիստներ Արչիլ Գագնիձեն ու Վասիլ Մախարաձեն:
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին Շաքարաշվիլիի ընտանիքը ոստիկանություն էր դիմել և հաղորդում տվել նրա անհետացման մասին: 4 օր տևած որոնողական աշխատանքներից հետո երիտասարդի դին հայտնաբերվել էր Արագվի գետում՝ մի քանի կմ հեռու այն վայրից, որտեղ նրան տեսել էին վերջին անգամ: Վերջին անգամ Գիորգիին տեսել է ընկերը, որն այժմ գործով հիմնական վկան է: ՆԳՆ-ն շուտով պաշտոնական հայտարարություն կանի ձերկաբալությունների հետ կապված:
Շաքարաշվիլին «Սաբուրթալո» ֆուտբոլային ակումբի սան էր: Հայտնի է, որ հունիսի 18-ին նա ընկերների հետ երեկույթի է մասնակցել քաղաքից դուրս վարձած բնակարանում: Խնջույքի մասնակիցների միջև վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է նաև Թբիլիսիի ճանապարհին՝ Արագվի գետի կամրջից ոչ հեռու, որտեղ էլ կորել է նրա հետքը:
Չնայած հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Շաքարաշվիլիի սպանության վարկածը, սակայն այս փուլում քրեական գործը քննվում է Վրաստանի ՔՕ-ի 2 հոդվածներով. 143-րդ՝ ապօրինի ազատությունից զրկելու և 126—րդ՝ բռնություն գործադրելու հոդվածներով: