Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների իրավական վիճակը մտահոգիչ է․ FCNM

Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը (FCNM) հրապարակել է Վրաստանի վերաբերյալ իր չորրորդ զեկույցը։ Զեկույցը մանրամասնորեն ուսումնասիրում է Վրաստանում առկա իրավիճակը ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով 2019-2023 թվականների ընթացքում։

Հատկանշական է, որ եվրոպական կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովը փոքրամասնությունների պաշտպանության մասին ամենահեղինակավոր, մասնագիտացված և արդյունավետ իրավական դաշտն է, որը նախատեսում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ճանաչում, պաշտպանություն և մոնիտորինգ: Էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության քաղաքականությունը որոշելիս Եվրամիությունը հիմնվում է նաև նշված կոնվենցիայի վրա։

Հանձնաժողովի հիմնական գնահատականները, քննադատությունները և առաջարկությունները կապված են հետևյալ թեմաների հետ՝

Քաղաքացիությունից և սոցիալական իրավունքների հասանելիությունից զրկված անձինք

Զեկույցում խորհրդատվական կոմիտեն մասնավորապես անդրադարձել է Վրաստանում ծնված տասնյակ հազարավոր էթնիկ հայերի (ինչպես նաև էթնիկ օսերի և չեչենների) իրավիճակին, ովքեր Վրաստանում սոցիալական ծանր վիճակի պատճառով ստացել են հարևան երկրների քաղաքացիություն աշխատանքային միգրացիայի պատճառով դեպի այլ երկրներ։ Քանի որ վրացական օրենսդրությունն արգելում էր երկքաղաքացիությունը, նրանք ինքնաբերաբար զրկվեցին Վրաստանի քաղաքացիությունից: Ըստ այդմ, այս անձինք ներկայում օգտվում են միայն Վրաստանում բնակվելու իրավունքից։

Տվյալների հավաքագրում և 2024 թվականի մարդահամար

Հանձնաժողովը քննադատաբար է վերաբերվում 2014 թվականի մարդահամարի գործընթացին: 2014 թվականի համընդհանուր մարդահամարի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն չի տրվել ազատորեն ինքնորոշվել և նշել մեկից ավելի էթնիկ պատկանելություն:

Կոմիտեն կոչ է անում կառավարությանը մշակել և հրապարակել 2024 թվականի մարդահամարի նոր հարցաշար։ Մարդահամարի նոր հարցաշարը պետք է թարգմանվի փոքրամասնությունների լեզուներով և պետք է թույլ տա նշել մեկից ավելի էթնիկ պատկանելություն: Կոմիտեն նաև նշում է, որ այս տարի նախատեսված մարդահամարին պետք է նախորդի լայնամասշտաբ արշավ՝ ուղղված էթնիկ փոքրամասնություններին համընդհանուր մարդահամարի կարևորության մասին իրազեկության բարձրացմանը: Կարևոր է նաև հարցազրուցավարների պատշաճ վերապատրաստումը և գործընթացում էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող հարցազրուցավարների ներգրավումը, ինչը, ըստ կոմիտեի, կբարձրացնի հարցվածների վստահությունը մարդահամարի նկատմամբ և, համապատասխանաբար, կբարձրացնի մարդահամարի որակը:

Հավասարության իրավական շրջանակ

Չնայած խտրականությունը արգելող օրենսդրության առկայությանը, համապատասխան հայցերի փոքր թիվը մնում է խնդրահարույց: Խորհրդատվական կոմիտեն կարծում է, որ պահանջների սակավությունը կարող է պայմանավորված լինել էթնիկ փոքրամասնությունների շրջանում խտրականության դեմ օրենքի անբավարար իմացությամբ: Կոմիտեն խստորեն հորդորում է իշխանություններին ուժեղացնել ազգային փոքրամասնությունների շրջանում իրազեկության բարձրացման արշավները՝ ինչպես հակախտրական օրենսդրության, այնպես էլ համապատասխան իրավական մեխանիզմների վերաբերյալ:

Հանձնաժողովը մտահոգված է հանրային կառույցների կողմից հանրային պաշտպանի հանձնարարականների կատարման ցածր տեմպերով (նախորդ տարիներին Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկությունների միայն մոտ 30 տոկոսն է կատարվել): Դա, ըստ կոմիտեի, հանրային պաշտպանի գրասենյակի արդյունավետության ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Կոմիտեն հորդորում է իշխանություններին էապես բարելավել էթնիկ փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ առաջարկությունների իրականացումը:

Էթնիկ փոքրամասնությունների մշակույթների և լեզուների պաշտպանություն և խթանում

Էթնիկ փոքրամասնությունների մշակույթների և լեզուների պաշտպանության և զարգացման հետ կապված Կոմիտեն նշում է, որ կառավարության կողմից տրամադրվող ֆինանսավորումը բավարար չէ։ Կոմիտեն գտնում է, որ էթնիկ փոքրամասնությունների մշակութային գործունեության պետական ​​ֆինանսավորումը պետք է լինի կայուն և կանխատեսելի՝ էթնիկ փոքրամասնությունների կազմակերպությունների գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Հանձնաժողովը նշում է նաև, որ էթնիկ փոքրամասնությունների համար հատուկ նշանակություն ունեցող մշակութային հուշարձանների վերականգնման խնդիրը մնում է չլուծված, ինչի արդյունքում հայկական շատ եկեղեցիներ հայտնվել են ծանր վիճակում։

Հանձնաժողովը քննադատում է 2021-2030 թվականների Քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ​​ռազմավարության մեջ քանակապես փոքր էթնիկ փոքրամասնությունների մշակույթների և ինքնության պաշտպանության անտեսումը:

Կրթության հավասար հասանելիություն

Հանձնաժողովը կարծում է, որ նախադպրոցական կրթության հասանելիության հիմնական խնդիրներից է ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերում մանկապարտեզների անբավարար թիվը։ Վրաստանի մնացած տարածքների համեմատ՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում մանկապարտեզների թիվը 2,7 անգամ քիչ է։ Օրինակ՝ հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված Բոլնիսի և Դմանիսի մունիցիպալիտետների գյուղերում նույնիսկ մեկ մանկապարտեզ չկա։ Մանկապարտեզների ենթակառուցվածքային խնդիրներից բացի խնդիր է մնում նաև որակյալ կադրերի բացակայությունը։

Ինչ վերաբերում է դպրոցական կրթությանը, ապա հանձնաժողովը ազգային փոքրամասնությունների դպրոցներում հանրակրթության ցածր որակը պայմանավորում է որակավորված ուսուցիչների անբավարար թվով։ Բացի այդ, լուրջ խնդիր է համարվում նաև դասագրքերի որակը։

Բարձրագույն կրթության հասանելիության հարցում հանձնաժողովը հետաքրքիր է համարում 1+4 կրթական ծրագիրը։ Հանձնաժողովը, սակայն, կիսում է քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների կարծիքը, որ խնդրահարույց է այն փաստը, որ երիտասարդների մեծ մասը պետք է վճարի վրացերենի մեկամյա նախապատրաստական ուսուցման համար։ Ուստի հանձնաժողովը կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել 1+4 ծրագրի ֆինանսավորումը։

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացվածությունը պետական մարմիններում

Հանձնաժողովը նշում է, որ էթնիկ փոքրամասնությունները երբեք ներկայացված չեն եղել Վրաստանի օրենսդիր մարմնում՝ բնակչության մեջ իրենց համամասնությանը համապատասխան։

Կառավարական մակարդակում կա նաև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց պակաս, և տեղական ինքնակառավարման մարմիններում փոքրամասնությունների անհամաչափ ցածր ներկայացվածությունը խնդիր է մնում նույնիսկ այն համայնքներում, որտեղ մեծ թվով էթնիկ փոքրամասնություններ են ապրում (օրինակ՝ Գարդաբանի, Բոլնիսի Դմանիսի, Մառնեուլի, Ծալկա, Ախալցիխե): Հանձնաժողովը կարծում է, որ խնդրահարույց է իրավիճակը նաև Թբիլիսիում, որտեղ, չնայած, որ բնակչության 11 տոկոսը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, Թբիլիսիի սակրեբուլոյում կամ քաղաքապետարանում ոչ մի անդամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ չէ։ Ինչ վերաբերում է քաղաքապետերին, ապա միայն Ախալքալաքում, Մառնեուլիում և Նինոծմինդայում կա էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ քաղաքապետ։

Հանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում էթնիկ փոքրամասնությունների կանանց հասարակական և քաղաքական կյանքում ընդգրկվածության վրա և կարծում է, որ այս խնդրի հաղթահարման համար անհրաժեշտ են կոնկրետ և նպատակաուղղված միջոցներ:

Մասնակցություն՝ երկրի սոցիալական և տնտեսական կյանքին

Էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը սոցիալական և տնտեսական կյանքում մնում է մարտահրավեր: Սոցիալական և տնտեսական կյանքում էթնիկ փոքրամասնությունների ընդգրկման հիմնական խոչընդոտը վրացերենի չիմացությունն է, փոքրամասնությունների լեզուներով համապատասխան ծառայությունների, տեղեկատվության և տնտեսական ռեսուրսների բացակայությունը: Վերը թվարկված խոչընդոտները խնդիրներ են ստեղծում նաև փոքրամասնությունների համար ծառայություններից օգտվելու հարցում: Հատկապես սուր է Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում գյուղատնտեսական հողերի գրանցման խնդիրը։

Առողջապահական ծառայությունների հասանելիությունը նույնպես խնդրահարույց է Սամցխե-Ջավախեթիում և Պանկիսիում համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով: