Վրաստանում ընտրատեղամասերը փակվեցին

Վրաստանում, ըստ օրենքի, ընտրատեղամասերը փակվում են 20:00-ին, սակայն ընտրատեղամասերը չեն փակվի այնքան ժամանակ, քանի դեռ 20:00-ի դրությամբ հերթում եղած վերջին անձը չի քվեարկի:

Ընտրական օրենսգրքի 65.8-րդ հոդվածի համաձայն՝ ժամը 20:00-ից հետո հերթ կանգնած ընտրողներն իրավունք ունեն քվեարկելու։

Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը պետք է գրանցի հերթում կանգնած ընտրողների անուն-ազգանունները: Այնուհետև նրանց թիվը պետք է զեկուցվի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, իսկ հանձնաժողովի քարտուղարը գրանցամատյանում գրանցի հերթում կանգնածների թիվը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս կապակցությամբ ճեպազրույց է անցկացրել և հիշեցրել, որ երեկոյան ժամը 20.00-ին ընտրատեղամասում հերթ կանգնածը կարող է քվեարկել։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 17:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 768 հազար 816 ընտրող, որը կազմում է ընտրողների 50,6 տոկոսը: