Հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենքը, որը նախատեսում է տրանսպորտային միջոցը ձմեռային անվադողերով վարելու պարտավորությունը։ Փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի հատուկ հատվածներում ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցներ վարելը պարտադիր է լինելու։
Վրացական շուկայում կա և՛ նոր, և՛ օգտագործված ձմեռային անվադողերի պակաս, գրել է bpn.ge լրատվականը: Անվադողեր ներկրողներն ասել են, որ գները չեն բարձրացել։
«Ավտոբան» ընկերության հիմնադիր Բակուրի Խունդաձեն բացասական է գնահատել օրենքը՝ նշելով, որ պետությունը չպետք է ուղղակիորեն միջամտի նման կարգավորումներին։ Նրա խոսքով, եվրոպական ստանդարտը բոլորովին այլ է:
«Ցանկացած եվրոպական երկրում այս հարցը հանձնվել է ապահովագրությանը։ Այնտեղ ապահովագրությունը պարտադիր է, և հետևաբար, երբ մարդը չունի ձմեռային անվադողեր և ցանկանում է քշել սարերում և ձյան մեջ, ապահովագրական ընկերությունը զգուշացնում է, որ վթարի դեպքում ծախսերը չի փոխհատուցելու»,- ասել է Խունդաձեն։
Ըստ նրա՝ օրենքի ներդրմամբ վրացական շուկայում ստեղծվել է ձմեռային անվադողերի պակաս, սակայն, ըստ նրա՝ պահանջարկի ավելացումը չի բերել գնի բարձրացման: