Վրաստանում ցողունային բջիջների դոնորների ռեեստր կստեղծվի, իսկ համապատասխան հետազոտությունները կֆինանսավորի Թբիլիսիի քաղաքապետարանը։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանի «փոխպատվաստման ծրագրի» շրջանակներում ոսկրածուծի փոխպատվաստման բաղադրիչի մեկ այլ ուսումնասիրություն կֆինանսավորվի, որը հնարավորություն կտա Վրաստանում ստեղծելու ցողունային բջիջների դոնորների ռեեստր։
Կալաձեի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են միանալ դոնոր բանկին և անհրաժեշտ հետազոտություններ կատարել, պետք է համապատասխան փաստաթղթերով դիմեն Թբիլիսիի քաղաքապետարան։
«Ցողունային բջիջների դոնորների ռեեստրի ստեղծումն իր հերթին կնպաստի Վրաստանում ալոգեն (այլածին) ոսկրածուծի փոխպատվաստման իրականացմանը։ Սա էական նշանակություն ունի հիվանդի և նրա ընտանիքի համար, քանի որ որոշ չափով կթեթևացնի նրանց ֆինանսական և զգայական բեռը»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքով, կամավորները կենթարկվեն ոսկրածուծի լեյկոցիտային հակագենի որոշման և այլ ուսումնասիրությունների, որոնք կֆինանսավորվեն քաղաքապետարանի կողմից։