Ամերիկացի սենատոր Ջին Շահինի խոսքով, Վրաստանի վարչապետը պահանջել է ԱՄՆ-ին դադարեցնել ֆինանսավորումը բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք կարող են վատ տրամադրվածություն ունենալ «Վրացական երազանք»-ի հանդեպ։
Այդ մասին Շահինը հայտարարել է National Journal-ին տված հարցազրույցում՝ ամփոփելով իր այցը Վրաստան։
Մասնավորապես, Շահինն ասել է, որ Իրակլի Կոբախիձեն ամերիկացիներից պահանջել է դադարեցնել քննադատական քաղաքացիական հասարակության ֆինանսավորումը։
«Վարչապետի հետ հանդիպմանը մենք նշեցինք վրաց-ամերիկյան հարաբերությունների վերջին հետընթացը՝ կոչ անելով մտածել, թե ինչպես կարող ենք խոսել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների առաջընթացի մասին։ Ցավալի է նշել, որ Վրաստանի վարչապետի միակ պահանջն էր, որ ԱՄՆ-ն դադարեցնի Վրաստանի կառավարությանը քննադատող հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը»,- ասաց Շահինը։
Իր հերթին Կոբախիձեն սենատորի հայտարարությունը «կեղծ» է անվանել: Կոբախիձեի հավաստմամբ՝ ինքը ամերիկյան պատվիրակությունից ընդամենը պահանջել է վերջ տալ «արմատականությանն ու բևեռացմանը» ։
«Ես նման բան չեմ ասել հանդիպմանը։ Սա հասարակ սուտ է, և շատ տխուր է, որ նման սուտն ասում է նահանգների սենատորի բարձր պաշտոնը զբաղեցնողը: Սա չափազանց մտահոգիչ է»,- մեկնաբանել է վարչապետը։
Կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին անդրադառնալով այս միջադեպին, ասել է՝ սենատոր Ջին Շահինը միանշանակ ճիշտ է մեկնաբանել վարչապետի խոսքերը:
«Շահինը խելացի քաղաքագետ է, նա լիովին հասկացել է Կոբախիձեի խոսքերի իմաստը: Բացի այդ, իշխանության ընտրած ճանապարհից պարզ է դառնում, որ Վրաստանը հեռանում է Եվրոպայից: Օրենքը՝ որն ընդունվեց վերջերս, դրա ապացույցն է՝ համարել «գործակալ» բազմաթիվ ներդրում ունեցող կազմակերպությունների»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է կոնֆլիկտաբանը:
Խոսելով հիշյալ իրադարձությանը հաջորդող հնարավոր հետևանքների մասին, Զաքարեիշվիլին ասաց, որ արդեն իսկ իրավիճակը բարդ է: Նա հավելեց, որ Կոբախիձեի խոսքերը մեծ ազդեցություն են գործում երկրի վրա: Ապացույցներից մեկն էլ այն է, որ ոչ ժողովրդավարական քայլերի պատճառով չեղարկվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Վարչապետի հրավերի չեղարկման հետ մեկտեղ, վարչակազմը նաև մերժել է վրացական պատվիրակության և վարչապետ Կոբախիձեի հանդիպումը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, նաև` բոլոր հանդիպումները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-11-ը Վրաստան էին այցելել սենատոր Ջին Շահինը և հանրապետական կոնգրեսական Մայք Թերները։ Նրանք հանդիպել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, իսկ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել պատվիրակության հետ։ Ջին Շահինն ասել էր, որ վարչապետի հետ կիսում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ մտահոգությունները: