Վրաստանում բուժքրոջ մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կորոնավիրուս է հաստատվել:
Շրջաններից մեկի քրեակատարողական հիմնարկում աշխատող բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնում են, որ պացիենտի առողջական վիճակը թեթև է և նրա մոտ նկատվում է կորոնավիրուսով վարակված պացիենտին բնորոշ թուլություն: Նշենք, որ կինը Astrazeneca տեսակի պատվաստանյութով է պատվաստվել։
«Պացիենտին շրջանից Թբիլիսի են տեղափոխել կիրակի օրը: Նա պատվաստված էր: Առողջական վիճակն այսօր բավարար է, թեթև, անալիզները նորմալ են: Թոքերը գրեթե ախտահարված չեն։ Հոսպիտալացումից հետո պացիենտի մոտ ջերմություն է նկատվել, սակայն վերջին երկու օրվա ընթացքում ջերմությունն անցել է»,- հայտարարել են հիվանդանոցից:
Տեղի ունեցածին արձագանքել է նաև Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ բուժքույրը պատվաստվելուց առաջ՝ մարտի 18 -ին, կորոնավիրուսի հակագենի թեստ էր հանձնել, բացասական պատասխանից հետո միայն՝ պատվաստվել: Մինչ այդ էլ, աշխատանքային պարտականությունների համաձայն, թեստ էր հանձնում շաբաթը մեկ անգամ, հետևաբար, վերջին անգամ ՊՇՌ թեստ հանձնել էր մարտի 15-ին: Կորոնավիրուսի թեստը դրական է արձանագրվել մարտի 20 -ին, երբ կորոնավիրուս հաստատվել է կնոջ ամուսնու մոտ: