Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ասում է, որ երկրում վարակի երրորդ ալիքը հաղթահարված է, սակայն կանոններին հետևել ու զգուշություն ցուցաբերել պետք է նաև առաջիկայում:
Ըստ մասնագետի` երկրի բնակչության 35%-ը վարակվել ու տարել է կորոնավիրուս` դրա մասին չիմանալով: Երկրի գլխավոր վարակաբանը ներկայիս համաճարակային իրավիճակը կայուն է գնահատում, լուրջ բռնկման վտանգ չի տեսնում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվում է ինչպես նոր դեպքերի նվազման, այնպես էլ վարակվածության ցուցանիշի նվազման տենդենց: Երրորդ ալիքը դեռ չի նահանջել, սակայն պիկն անցել է: Ըստ նրա` երկրում կայուն վիճակ է պահպանվում` նաև պատվաստման ու բնակչության պատասխանատվության շնորհիվ:
Վրաստանում սկսել են պատվաստել մարտի 15-ից: Պատվաստվում են 18-ից բարձր տարիք ունեցող բոլոր ցանկացողները: Մայիսի 24-ից հնարավոր կլինի Sinovac-ով պատվաստվել: Արդեն պատվաստվել է 101 415 մարդ, ամբողջական կուրս է անցել 15 874 քաղաքացի: