Վրաստանում բիզնեսը մարտահրավերների առջև է կանգնած. ԵՄ-ի զեկույցը

Եվրամիությունը (ԵՄ) հրապարակել է 2024 թվականի զեկույցը Վրաստանում բիզնես միջավայրի վերաբերյալ՝ ընդգծելով բիզնեսի առջև ծառացած խոչընդոտներն ու մարտահրավերները։

Ըստ ԵՄ զեկույցի՝ Վրաստանը բախվում է լուրջ քաղաքական անկայունության, աշխատուժի և հմտությունների պակասի, նաև արտարժույթի անկայուն փոխարժեքի, ինչը կարող է խոչընդոտել երկարաժամկետ տնտեսական կայունությանը։

Զեկույցում անդրադարձել են երկրում աշխատուժի սուր պակասին, որը հանգեցրել է բիզնեսի տարեկան եկամուտների կորստի։ Արտագաղթը և անհամարժեք կրթական ծրագրերը ավելի են սրում այս խնդիրը։

Զեկույցում ընդգծվում են երեք հիմնական մարտահրավերներ, որոնց առջև ծառացած են վրաստանյան բիզնեսները.

1. Քաղաքական անկայունություն. 2024 թվականի հունիսից Եվրամիությանն անդամակցության կասեցված գործընթացը, խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ, ազդում է բիզնես միջավայրի վրա։

2. Աշխատուժի պակաս և հմտությունների պակաս. հարցված ընկերությունների գրեթե կեսը հայտնում է հմտությունների պակասի մասին, ինչը հանգեցնում է աշխատատեղերի կատարողականի 5-40%-ի և տարեկան համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 26%-ի կորստի:

3. Տատանվող փոխարժեքներ. փոխարժեքի անկայունությունը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար ֆինանսական պլանավորման և ներդրումային որոշումներ կայացնելիս։

Զեկույցում ընդգծված է նաև դատաիրավական և կրթական բարեփոխումներն արագացնելու անհրաժեշտությունը՝ բիզնեսի վստահությունը բարձրացնելու համար: Ըստ զեկույցի` կրթական հաստատությունները պետք է սերտորեն աշխատեն մասնավոր հատվածի հետ, միաժամանակ տնտեսական քաղաքականության և առևտրային ենթակառուցվածքների բարելավումը վճռորոշ դեր կխաղա Վրաստանի՝ ԵՄ շուկային ինտեգրվելու գործում։