
Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված առկա սահմանափակումներից որոշները նախատեսված ժամկետից ավելի վաղ են հանվում:
Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ այս պահին քննարկվում է նաև նախատեսվածից ավելի վաղ բացել բացօթյա ռեստորաններն ու սրճարանները:
Ինչ վերաբերում է գեղեցկության սրահների վերաբացմանը, համավարակի պայմաններում կառավարությունն այս ոլորտի գործունեությունն ավելի ռիսկային է համարում, այդուհանդերձ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:
«Հաշվի առնելով իրավիճակը, հիմնվելով մասնագետների խորհուրդների վրա, քննարկում ենք սահմանափակումների թեթևացման հարցը: Արգելքները էական ազդեցություն ունեն տնտեսության վրա, այդ պատճառով, եթե համավարակային իրավիճակը թույլ տա, փորձելու ենք հերթականությամբ դադարեցնել սահմանափակումները»,- հայտարարել է Մեզվրիշվիլին: