Այսօրվանից՝ դեկտեմբերի 1-ից, Վրաստանում գործում է «կանաչ անձնագրի» համակարգը։ 18 տարեկան և բարձր քաղաքացիների, այդ թվում և օտարերկրացիների մուտքը մի շարք հաստատություններ կթույլատրվի միայն «կանաչ անձնագրով»։ Սակայն սպասարկող անձնակազմի համար «կանաչ անձնագիրը» պարտադիր չէ։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ծառայությունների անխափան մատուցման համար ստեղծվել է երկու հատուկ հավելված՝ CovidPass Georgia և Georgia e-Health։
CovidPass Georgia հավելվածը կարող է օգտագործել Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած անձ՝ և Վրաստանի քաղաքացին, և օտարերկրացին՝ այցելելու տարբեր հաստատություններ։
Georgia e-Health-ն օգտագործվում է միջազգային ճանապարհորդությունների համար՝ ապահովելով անխափան մուտք դեպի ԵՄ թվային ծածկույթի համակարգում ներգրավված 51 երկիր: Այս հավելվածը, սակայն, ևս կարող է օգտագործվել Վրաստանում՝ մուտք գործելու այն հաստատություններ, որտեղ «կանաչ անձնագիր» է պահանջվում։
«Կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր