Թբիլիսիի կենտրոնում այլատյացության հողի վրա 25-ամյա իրավապաշտպան, ակտիվիստ, հասարակական գործիչ, ազգությամբ եզդի Վիտալի Սաֆարովի սպանությունից 1 տարի է անցել: Սեպտեմբերի 29-ի լույս 30-ին կայացած սպանության փաստի շուրջ 1 տարի շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում Սաֆարովի հարազատներն ու աջակիցները: Բացի մեղավորներին պատժել պահանջելուց, նրանց նպատակն է վերացնել ատելությունն ու քսենոֆոբիան Վրաստանում:
«Վրաստանն ատելության վայր չէ»,- այս խորագրով տասնյակ ցույցեր են անցկացվել Թբիլիսիում, իսկ սոցցանցերում գրառումներն ուղեկցվում են #ForVito հեշթեգով:
Նման խորագիր է կրում նաև սեպտեմբերի 29-ին ծրագրված միջոցառումը՝ ժամը 20:00-ին։ Վիտոյի ընտանիքի անդամները, աշխատակիցներն ու ընկերները, ինչպես նաև աջակիցները կհավաքվեն Թբիլիսիի Պուշկինի փողոցի 19 հասցեում՝ «Վարշավա» բարի հարակից տարածքում, որտեղ սկսվել է վեճը, երթով կտեղափոխվեն այն վայր, որտեղ սպանվել է ակտիվիստը:
Հունիսի 27-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Վիտալի Սաֆարովին սպանած անձանց մեղավոր է ճանաչել: Ավթանդիլ Կանդելակիշվիլին և Գիորգի Սոխաձեն 15 տարվա ազատազրկման են դատապարտվել:
Հատկանշական է, որ քաղաքային դատարանի դատավոր Շորենա Գունցաձեն մեղադրյալների գործից հանել է ռասայական, կրոնական, ազգային կամ էթնիկ պատկանելության պատճառները և նրանց դատավճիռը կայացրել միայն խմբակային սպանության համար: Սաֆարովի ընտանիքի փաստաբանները բողոքարկել են դատավորի հիշյալ որոշումը: