Վրաստանում արտակարգ դրություն է. ի՞նչ է պետք իմանալ

Այսօր հրավիրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից ելնելով մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: 

Ի՞նչ է նշանակում արտակարգ դրություն

Արտակարգ դրությունը ժամանակավոր միջոցառում է, որը հայտարարվում է քաղաքացիների անվտանգության համար զանգվածային անկարգությունների, երկրի տարածքային ամբողջականության խախտման, զինված հեղաշրջման, զինված ապստամբության, ահաբեկչական գործողությունների, բնական կամ տեխնածին աղետների, համաճարակի և այլ դեպքերում:

Վրաստանի ամբողջ տարածքում, կամ նրա որևէ մասում արտակարգ դրություն է հայտարարում երկրի նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Արտակարգ դրության մասին նախագահի հրամանը պետք է հաստատի խորհրդարանը:

Արտակարգ դրության ժամանակ նախագահը հրապարակում է օրգանական օրենքի ուժ ունեցող դեկրետ, որը սահմանափակում է երկրում կամ դրա որոշ մասում Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված մի շարք իրավունքներ, օրինակ մարդու ազատությունը, տեղաշարժի ազատությունը, անձնական և ընտանեկան կյանքի, անձնական տարածքի և շփումների անձեռնմխելիության իրավունքը, կարծիքի, տեղեկատվության, ԶԼՄ-ների և համացանցի ազատության իրավունքը, սեփականության և հավաքների իրավունքը, աշխատանքի ազատությունը, արհմիությունների ազատությունը, գործադուլի իրավունքը, ձեռնարկատիրության ազատությունը և այլն:

Արտակարգ դրության ժամանակ հնարավոր է օգտագործվեն նաև երկրի զինված ուժերը:

Քիչ առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախագահի կողմից հայտարարած արտակարգ դրությունը: Այսպիսով՝ Վրաստանում 1 ամսվա ընթացքում գործում են հետևյալ սահմանափակումները.

  • Վրաստանի կառավարությունն իրավունք ունի անձին ստիպողաբար տեղափոխել համապատասխան հաստատություն՝ մեկուսացման կամ կարանտինի կանոնները խախտելու համար:
  • Վրաստանի կառավարությունն իրավունք ունի սահմանել մեկուսացման կամ կարանտինի կանոնները, դադարեցնել ուղևորների օդային, ցամաքային և ծովային տեղափոխությունը, բացի որոշ բացառություններից և բեռնափոխադրումներից:
  • Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում դադարեցվում են բոլոր տեսակի տեսակցությունները:
  • Վրաստանի կառավարությանն իրավունք ունի սահմանել հանրային ծառայությունների և վարչական վարույթի այլ կարգ:
  • Կառավարությունն իրավունք է ստանում սահմանափակել սեփականության իրավունքն ու օգտագործել ըստ անհրաժեշտության՝ անհատների կամ կազմակերպությունների սեփականությունն ու նյութական բազան՝ բուժական նպատակներով կամ կարանտինի համար:
  • Սահմանափակվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Վրաստանի կառավարության որոշմամբ նշված բացառությունների:
  • Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարգավորի դեղամիջոցների ու բժշկական ծառայությունների, նաև ապրանքների գները:
  • Կառավարությունն իրավունք ունի այս պայմաններում մոբիլիզացնել բժշկական կրթությամբ մասնագետներին և կրթության բոլոր ուղղությունների համար սահմանել նոր կարգ:
  • Դատական նիստերը կանցկացվեն հեռավար սկզբունքով:
  • Նշված դեկրետի պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 3000 լարիի չափով՝ մոտ 1000 դոլար, իրավաբանական անձը՝ 15 000 լարի՝ մոտ 5000 դոլար: Կրկնակի խախտումը պատժվում է 3 տարի ազատազրկմամբ:

Վրաստանի վարչապետի հայտարարությամբ՝ երկրում չի սահմանվում պարետային ժամ և սահմանափակումները չեն վերաբերում լրատվամիջոցներին: