Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն լինելու և դրա մասին խոսակցությունն ավարտված է:
Վարչապետի խոսքով, 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները ճանաչել է ամբողջ աշխարհը:
«Երկրում արտահերթ ընտրություններ չեն լինի: Մենք այս մասին խոսակցությունն ավարտել ենք: Ընտրությունների հետ կապված լսեցինք ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Սենատի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եզրակացությունը: Ամբողջ աշխարհը ճանաչել է մեր ընտրությունները և շնորհավորել մեզ, ի՞նչ ընտրությունների մասին եք խոսում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք՝ այս օրերին Վրաստանում է գտնվում Եվրամիության խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը, ում միջնորդությամբ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը փորձելու են համաձայնության հասնել: Ընդդիմության մեծ մասը գտնվում է բոյկոտի ռեժիմում և պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին և նշանակել արտահերթ ընտրություններ: