Վրաստանում առկա մարտահրավերների քննարկումը «Ֆորում 2000» համաժողովում

«Ֆորում 2000» 28-րդ համաժողովի ընթացքում, որը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը, քննարկվել է նաև Վրաստանում տիրող քաղաքական և նախընտրական իրավիճակը։

Համաժողովում, որն ընթանում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, Վրաստանում առկա մարտահրավերների մասին խոսել են Թինա Խիդաշելին և  Վասիլ Սիխարուլիձեն։

«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ` Վրաստանը ներկայացնող պատվիրակները Վրաստանի պատմության մեջ այս նախընտրական շրջանն «ամենակեղտոտն» են որակել:

Թինա Խիդաշելին նաև ընդգծել է, որ ավելի կարևոր է լինելու ընտրությունների հաջորդ օրը։

«Վրաստանում իշխանությունները հասկանում են, որ չեն կարող ասել, թե ամբողջապես դուրս են գալու արեւմտյան ինտեգրացիայից, և քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին չեն կարող խոսել, այլընտրանք են ներկայացնում Չինաստանը` որպես ԱՄՆ-ի հակակշիռ», նշել է Խիդեշելին։

Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնից Ռոստիսլավ Վալվոդան խոսել է տարածաշրջանային համատեքստում Ռուսաստանի մոտեցումների մասին: Ըստ նրա` Ռուսաստանն այս պահին լավ հարաբերություններ ունի Ալիևի եւ «Վրացական երազանք»-ի հետ, սակայն դեմ է Հայաստանի գործող քաղաքական մեծամասնությանը:

«Այս առումով չափազանց կարեւոր է, որպեսզի Վրաստանը շարունակի արեւմտյան ուղին, ինչը նշանակում է, որ ընտրությունները պետք է ժողովրդավարական լինեն» , — ասել է Վալվոդան։

Վալվոդայի համոզմամբ, չափազանց կարեւոր է, որպեսզի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական ուժերը համագործակցեն Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր ազդեցությունը կանխելու նպատակով:

Ընտրությունների առնչությամբ Վասիլ Սիխարուլիդձեն ընդգծել է, որ Վրաստանի ժողովրդի հավաքական կամքն առաջիկա ընտրություններում եթե չարտացոլվի, ապա տարածաշրջանն ամբողջությամբ կորսվելու է արեւմուտքի համար:

«Բայց առավել կարևորը Վրաստանի ներսում հնարավոր ապատիան է, որը կարող է կործանարար դառնալ երկրի համար: Արդեն իսկ բնակչություն կորցնող Վրաստանն էլ ավելի շատ մարդկային կորուստ է ունենալու` երկիրը դարձնելով բռնատիրական գողապետություն (Authoritarian cleptocracy)», — ասել է Սիխարուլիձեն։

Համաժողովի ժամանակ քննարկվել է նաև նախընտրական շրջանում մեդիամիջավայրի հարցը: Մասնավորապես՝ ապատեղեկատվության հարցը, եւ թե որքանով է դա ազդում հանրային ընկալումների վրա: Վրաստանը ներկայացնող պատվիրակները նշել են, որ ատելության խոսքի, Ռուսաստանի հնարավոր հարձակման վտանգով վախեցնելու «Վրացական երազանք»-ի մեթոդը որոշ ազդեցություն ունի հանրային կարծիքի վրա, բայց փաստ չէ, թե դա կդառնա ընտրության հիմնական առանցքը:

«Մամուլի վիճակն, ընդհանուր առմամբ, բեւեռացված է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր միջոցների պարագայում, որտեղ հաճախ լավ փաթեթավորված ապատեղեկատվություն է մատուցվում: Ցավոք, վրացիները չեն սիրում օգտվել հեռակառավարման վահանակից: Մարդիկ նայում են այն հեռուստաալիքը, որը նախընտրում են` առանց այլընտրանքային աղբյուրներից նույն տեղեկությունը ստուգելու», — ասել է Խիդաշելին։