Վրաստանում սահմանակումները կհանվեն իրավիճակի մանրամասն հետազոտումից հետո։
Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
Ըստ կառավարության պլանի` հունվարի 16-ից սահմանափակումներն ուժի մեջ կլինեն միայն հանգստյան օրերին, իսկ հունվարի 31-ից ընդհանրապես կհանվեն։
Լրագրողների հետ ճեպազրույցում Գամկղրելիձեն խորհուրդ է տվել «չշտապել»։ Նա ասել է, որ առաջիկայում համակարգող խորհրդի մի քանի նիստ է կայանալու, քննարկվելու են բոլոր հարցրերը, համաճարակաբանական վերլուծություն է արվելու, քննարկվելու են սահմանափակումների արդյունքները։
Մասնագետը գտնում է, որ Վրաստանն անցել է հիվանդության պիկը` նոյեմբերի վերջին ու դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Վիճակը կայունանում է, սակայն դա հանգստության պատճառ չէ, վարակը շարունակում է շրջանառվել երկրում ու լուրջ հետևանքներ ունենալ։
Հիշեցնենք` մասնագետները դեմ էին նաև նախատոնական արտոնություններին, երբ դեկտեմբերի 24-հունվարի 2-ի ընթացքում բացվեցին առևտրի կենտրոնները, այլ վաճառակետեր։ Այժմ նրանք մտահոգություն են հայտնում, որ նախատոնական մոբիլության հետևանքներն ի հայտ կգան մոտ օրերին։
Այժմ երկրում պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր են մինչև հունվարի 15-ը։ Աշխատում են միայն բանկերը, ռազմավարական նշանակության կառույցները։
Հունվարի 16-ից ծրագրվում է վերականգնել հանրային տրանսպորտի (այդ թվում միջքաղաքային) աշխատանքը։ Մինչև հունվարի 31-ը կբացվեն առևտրի կենտրոնները, բաց ու փակ շուկաները։
«Պարետային ժամի» հանման ժամկետը չի քննարկվում, անհայտ է նաև` երբ բարերն ու ռեստորանները կկարողանան այցելուներ ընդունել։