Վրաստանում առևտրի կետերը նորից փակվում են

Վրաստանում այսօր առևտրի կենտրոնների համար վերջին աշխատանքային օրն է։ Հունվարի 3-ից կրկին կդադարեն գործել ամանորյա տոների կապակցությամբ աշխատանքի իրավունք ստացած խանութները։

Նոյեմբերի 28-ից Վրաստանի խոշոր քաղաքներում, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, փակվեցին բոլոր առևտրի կենտրոնները, հագուստի ու շինարարական ապրանքի շուկաները, փակ են նաև ֆիթնես կենտրոնները, սննդի օբյեկտները աշխատում են միայն դուրս տանելու ծառայությամբ։

Վերհիշենք երկրում ուժի մեջ գտնվող արգելքները.

  • Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիսի, Գորի, Զուգդիդի, Փոթի, Թելավի քաղաքներում դադարեցված է հանրային տրանսպորտի գործունեությունը ( այդ թվում` միջքաղաքային),
  • Արգելված է հագուստի ու շինարարական շուկաների աշխատանքը,
  • Արգելված են մշակութային եւ ժամանցային միջոցառումները,
  • Փակ են մարզադահլիճներն ու լողավազանները,
  • Արգելված է թրեյնինգների, կոնֆերանսների անցկացումը (բաղառությամբ` առցանց ձևաչափի),
  • Արգելված է սննդի կետերի աշխատանքը (բացառությամբ` առաքմամբ),
  • 21:00 — 05:00-ը արգելված է դրսում տեղաշարժը` ոտքով ու մեքենայով (բացառություն են ամանորյա ու Սուրբ ծննդյան գիշերները):

ԿԱՐԵՎՈՐ

Հունվարի 3-15-ը Վրաստանում հանգստյան օրեր են. Կաշխատեն միայն բանկերը, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն ու  ծառայությունները։

Հունվարի 16-31-ն ընկած հատվածում Վրաստանում ծրագրվում է վերականգնել քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի, բաց ու փակ շուկաների, առևտրի կենտրոնների աշխատանքը։ Հանգստյան օրերին դրանք չեն գործի։