Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵԽ բանավեճը՝ ամփոփ

Եվրախորհրդարանում (ԵԽ) բանավեճ է տեղի ունեցել Վրաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ։ Եվրախորհրդարանի պատգամավորները խոսել են ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակի մասին, քննարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նշել, որ ընտրությունները բնութագրվել են «լուրջ» խախտումներով։

Ելույթ ունեցողներից մի քանիսը նաև հայտարարել են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել ազատ արտահայտելու իրենց կամքը»։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորներն ուշադրություն են հրավիրել ընտրություններին Ռուսաստանի միջամտության և նախընտրական քարոզարշավի ընթացքում Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի ապատեղեկատվության քարոզարշավի վրա։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ն ամփոփ ներկայացնում է, թե ինչ կարծիքներ են հնչել Վրաստանի մասին Եվրախորհրդարանի պատգամավորների բանավեճի ընթացքում:

Եվրոպական ապրելակերպի խթանման գծով եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտաս Շինասի խոսքով, ավելի քան 2 միլիոն վրացիներ ընտրել են նոր խորհրդարան, սակայն այդ ընտրություններն ընթացել են շատ լուրջ խախտումներով և բռնություններով և՛ ընտրությունների շրջանում, և՛ ընտրությունների օրը։

«Թույլ տվեք ի սկզբանե բարձրաձայն և հստակ ասել. ընտրությունները չեն համապատասխանել մի երկրի չափանիշներին, որը պետք է ունենա ԵՄ թեկնածուի կարգավիճակ: Իշխող կուսակցությունն օգտվել է անհավասար պայմաններից. նրանք գործի են գցել պատերազմի վախը՝ ներկայանալով որպես միակ քաղաքական ուժ, որն ընդունակ է երկրում կայունություն և խաղաղություն պահպանել։ Վարչախումբը նաև ապատեղեկատվություն է տարածել՝ նրանք ճնշել են այլախոհությունը և հայտարարել, որ Վրաստանն ընթանում է դեպի Եվրամիություն», — ասել է Շինասը:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն ասել է՝ կոռումպացված օլիգարխիկ ուժերը Կրեմլի օգնությամբ փորձում են իշխանություն ձեռք բերել ամենուր. Վրաստանը բացառություն չէ։

«Այստեղ՝ ԵՄ-ում, մենք պետք է հստակ խոսենք: Վրաստանում ընտրությունները ժողովրդավարական չեն եղել, մենք չենք կարող դրանք ճանաչել: «Վրացական երազանք»-ը չի հաղթել: Մենք պետք է պահանջենք անկախ միջազգային հետաքննություն: Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակն արդեն սառեցված է և այդպես էլ կմնա։ Մենք պետք է վերագնահատենք՝ արդյո՞ք Վրաստանն արժանի է առանց վիզայի ռեժիմի։ Պետք է քննարկել նաև պետական ​​կառույցներին տրվող օգնությունը», — ասել է Յուկնևիչիանեն:

Ըստ նրա՝ նախ պետք է գնահատել, թե արդյո՞ք Վրաստանն արժանի է առանց վիզայի ռեժիմի: Նրա դիտարկմամբ՝ այլևս չպետք է շարունակել Եվրամիության երկկողմ հարաբերությունները Վրաստանի պետական ​​կառույցների հետ.

Այս ամենը ցավով եմ ասում, վրացի ժողովուրդն ավելի լավին է արժանի։ Նրանք աջակցում են եվրոպամետ ճանապարհին, իսկ մենք՝ ԵՄ-ում նրանց։ Եվրամիությունն այսուհետ պետք է հստակ խոսի և՛ վրաց հասարակության, և՛ «Վրացական երազանք»-ի հետ, որը գողացավ նրանց ընտրությունները։ ԵՄ անդամակցությունը համատեղելի չէ օլիգարխիկ համակարգի հետ. Ավելի պարզ լինելու համար ասեմ, որ Եվրամիության անդամակցությունը հնարավոր կլինի միայն երկրի ապաբիձինացումից հետո»:

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն նշել է՝ վրաստանյան ընտրություններում ահաբեկումներ, անձը հաստատող փաստաթղթերի բռնագրավումներ են կատարվել.

«Սա ընտրակեղծիքների գործիքների ամբողջական փաթեթ է, որը ես տեսել եմ Վրաստանում, երբ դիտորդական առաքելության կազմում էի։ Դրան հաջորդեցին բողոքի ցույցերը, Վրաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ ասելով, որ ընտրություններն իրենից գողացել են։ Նրանք ծածանում են վրացական և եվրոպական դրոշներ։ Նրանք հավատում են մեզ և հույս ունեն, որ չենք լքի իրենց»:

Լուազոն ընդգծել է՝ «Վրացական երազանք»-ը վերածվել է «վրացական մղձավանջի», դիմել են Վլադիմիր Պուտինին և ուզում են արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։

«Մենք պետք է այնպես անենք, որ հույս տանք ժողովրդին, աջակցենք նրանց, ովքեր շարունակում են պայքարել անկախության համար։ Ես ողջունում եմ նրանց նախագահի խիզախությունը։ Մենք պետք է այնպես անենք, որ դրանք լինեն ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի խորհրդանիշները», — հավելել է Լուազոն։

Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան ասել է, որ ընտրությունները չի կարելի արդար անվանել:

«Գրեթե երեք շաբաթ առաջ անձամբ ականատես եղա մանիպուլյացիաների երկրի տարբեր հատվածներում, լցոնումների, կեղծիքների, ընտրողների գաղտնիության բացակայության ու ահաբեկման ցնցող դեպքերի», — ասել է Գրեգորովան:

Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մալգոժատա Գոշևսկան ասել է՝ Վրաստանը հետ է գնում դեպի ավտորիտար ռեժիմ, և, ցավոք սրտի, այժմ Ռուսաստանից շահում են իշխանության մարդիկ։

Նա կոչ է արել մեկուսացնել Վրաստանի ներկայիս կառավարությանը, սառեցնել օգնությունը և դադարեցնել առանց վիզայի ռեժիմը.

«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ բռնապետերը փորձում են իշխանություն ձեռք բերել ժողովրդավարական ընտրությունների միջոցով, բայց հետո չեն ցանկանում հրաժարվել իշխանությունից և սպառնալիք են դառնում միջազգային հանրության համար։ 2012 թվականին նախագահ Սաակաշվիլին խաղաղ ճանապարհով հանձնեց իշխանությունը։ 2020 թվականի ընտրություններից հետո Վրաստանը հետ է շարժվում դեպի ավտորիտար ռեժիմ, և, ցավոք սրտի, այժմ Ռուսաստանից շահում են իշխանության մարդիկ։ Այսօր Վրաստանում իշխանության են նրանք, ովքեր նմանատիպ հանցավոր հարաբերություններ ունեն որոշակի շրջանակների հետ։ Եկել է եզրակացություններ անելու ժամանակը։ Ես ձեզ կոչ եմ անում մեկուսացնել Վրաստանի ներկայիս կառավարությանը, սառեցնել օգնությունը և դադարեցնել առանց վիզայի ռեժիմը»:

Եվրախորհրդարանի պատգամավոր Գորգիո Գորիի խոսքով` ցավոք, հոկտեմբերի 26-ին ընտրողները զրկված են եղել իրենց կամքն ազատ արտահայտելու իրավունքից. քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել, նաև Ռուսաստանի կողմից իրականացվող կեղծ լուրերի արշավ է եղել:

«Մեր մեծ պատասխանատվությունն է օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ աջակցելու, պահպանելու և պաշտպանելու այդ ձգտումները, որպեսզի վրաց ժողովուրդը կարողանա ապրել մի երկրում, որը զերծ է կոռուպցիայից և հարգում է հիմնարար ազատությունները, իրավունքները և ժողովրդավարությունը», — ասել է նա:

Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերի խոսքով` ցավոք, Վրաստանում վերջին զարգացումները լուրջ մտահոգություններ են առաջացրել երկրի ուղղության վերաբերյալ՝ լարված ու բևեռացված նախընտրական միջավայր, խախտումների մասին հաղորդումներ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ավելի ու ավելի տարածվող ավտորիտար օրակարգ.

«Վրացիները ցույցեր են կազմակերպում և բազմիցս ցույց են տվել, որ ցանկանում են եվրոպական հեռանկարով ժողովրդավարական Վրաստան։ Վրացիները չեն ցանկանում հայտնվել պարոն Պուտինի ուղեծրում: Ընտրությունների հետ կապված բոլոր խախտումները պետք է հետաքննվեն»։

Նշենք, որ Եվրախորհրդարանի քաղաքական խմբերը համաձայնել էին փոխել նոյեմբերի 13-14-ի լիագումար նիստի օրակարգը՝ Վրաստանի հարցը ավելացնելու համար։

Լիագումար նիստի սկզբում Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն առաջարկել է, որ «Վրաստանում վատթարացող ժողովրդավարական ճգնաժամի» վերաբերյալ բանավեճին հաջորդ նստաշրջանում հաջորդի բանաձևի քվեարկությունը։ Նրա առաջարկին կողմ է արտահայտվել 309 պատգամավոր, դեմ՝ 191, ձեռնպահ՝ 34։

Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձևը կքվեարկեն նոյեմբերի 25-28-ը կայանալիք լիագումար նիստում։