Վրաստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը տարածաշրջանի անվտանգության հիմնական մարտահրավերն է. ՌԴ ԱԳՆ

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցելու վերաբերյալ, սադրիչ են»,- այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Աբխազիայի և Հարավային Օսիայի ու Վրաստանի հետ սահմանին առկա վիճակը քննարկմանը մասնակից բոլոր կողմերը (բացի Վրաստանի ներկայացուցիչներից) ստաբիլ են գնահատում: Սահմանը հատելու վիճակագրությունը խոսում է այն մասին, որ տեղաշարժվելու ազատության հետ կապված լուրջ խնդիրներ չկան»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում նաև նշում են, որ Հարավային Կովկասում անվտանգության հիմնական մարտահրավերը «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունն է Վրաստանի տարածքում»:

«Սադրանք ենք համարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունները՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության աջակցության վերաբերյալ: Նման ակտիվությունները 2008 թվականին հանգեցրին Թբիլիսիի հանցավոր ռազմական արկածախնդրությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: