Վրաստանում ԱՄՆ դեսպանը՝ Սաակաշվիլիի այցի մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Վրաստան ժամանելու մասին հայտարարությանը։

«Ես չեմ պատրաստվում շահարկումներ անել, թե ինչ կարող է անել Միխեիլ Սաակաշվիլին, կամ ոչ, շատ մեկնաբանություններ են արվել, այդ թվում՝ անձամբ Սաակաշվիլիի կողմից։  Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Վրաստանին անհրաժեշտ է հանգիստ, խաղաղ միջավայր, այլ ոչ թե քաղաքական անկայունություն և բռնություն», -ասել է ԱՄՆ դեսպանը։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Կիև-Թբիլիսի թռիչքի տոմսը Ֆեյսբուքյան էջում հրապարակվելուց հետո թե՛ վրաստանյան, թե՛ միջազգային լրատվամիջոցներում բուռն քննարկումների առիթ դարձավ:

Սաակաշվիլիի այցին «գրկաբաց» սպասում են նաև իշխանությունները, մասնավորապես վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, Սաակաշվիլիի ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում: