«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է դաժան, ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հարձակումները, որոնք տեղի են ունեցել Դմանիսիում և Ռուսթավիում»,- այս մասին ասվում է Վրաստանում Միացյալ նահանգների դեսպանատան հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս և այլ բազմաթիվ հաղորդագրությունները` երկրում ընդդիմության թեկնածուների նկատմամբ ոտնձգությունների և ահաբեկման մասին լուրջ կասկածներ են հարուցում` ապահով քարոզարշավի և ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու` իշխանության մտադրությունների մասով:
«Բռնությունն անընդունելի է ցանկացած ընտրարշավում: Կառավարությունը պատասխանատվություն ունի մարդու իրավունքները պաշտպանող միջավայր ստեղծելու և ընտրողների համար ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ ապահովելու հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ դեսպանատան հաղորդագրության` կառավարությունը պետք է կրկնապատկի ջանքերը ՝ թեկնածուների և նրանց աջակիցների համար խոսքի և հավաքների ազատության իրենց ժողովրդավարական իրավունքներից օգտվելու համար ՝ առանց ահաբեկման, ոտնձգության կամ բռնության սպառնալիքների:
Հիշեցնենք` Դմանիսիում օրեր առաջ նախընտրական հանդիպման ընթացքում իշխանական և ընդդիմադիր թեկնածուների և նրանց աջակիցների միջև ծեծկռտուք է եղել, «Վրացական երազանք» իշխող ուժի աջակիցներից մեկը դանակ է գործի դրել, կան տուժածներ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տվյալ միջադեպով քննություն է տանում, կան ձերբակալվածներ:
Իշխող թիմն ընդդիմադիրներին մեղադրել է սադրանքի մեջ: Ըստ նրանց` «Միացյալ ազգային շարժումը» շարժվում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական սցենարով` անկարգություններ ու սադրանքներ հրահրելով:
Եվս մի միջադեպ է գրանցվել Ռուսթավի քաղաքում. «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածուն հայտնել էր իրենց համակիրներից մեկին ծեծի ենթարկելու մասին, որից հետո նրան հիվանդանոց էին տեղափոխել: Ըստ ընդդիմադիրների` ավելի վաղ տղամարդու նկատմամբ ճնշումներ են եղել, ստիպել են ազատման դիմում գրել` քաղաքապետարանի ղեկավարությամբ գործող կազմակերպությունից` քաղաքական հայացքների պատճառով: