Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Վրաստանում առողջապահության նախարարության ներկայացուցիչները քննարկել են երկրում աղի օգտագործման և հիպերտոնիայի միտումները։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ «Վրաստանում աղի նվազեցման ռազմավարությունները» համաժողովում մասնագետները դիտարկել են աղի սպառման վերաբերյալ որակական հետազոտությունների զեկույցները, ԵՄ անդամ տարբեր երկրների օրինակները և աղի նվազեցման հաղորդակցման արշավը։
Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, Վրաստանում ոչ վարակիչ, հատկապես սրտանոթային հիվանդությունների բարձր ցուցանիշը նվազեցնելու համար անհրաժեշտ է աղի սպառման և հիպերտոնիայի վերահսկման համալիր ու համապարփակ մոտեցումներ ներդնել։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը կարող է փրկել հազարավոր կյանքեր։
Ի դեպ, հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարության, առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամներ, ոլորտի փորձագետներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Վրաստանում արյան բարձր ճնշման խնդիր ունի բնակչության մոտավորապես 40 տոկոսը։ Ձեր երկրում աղ շատ–շատ են օգտագործում, հատկապես տղամարդիկ։ Սա երկու անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած չափաբաժինը: Վրաստանում աղի օգտագործումը նաև մշակութային արմատներ ունի…»,- ասել է Վրաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Սիլվիու Դոմենտեն։