«Transparency International-Վրաստան» (TI) միջազգային հասարակական կազմակերպության տվյալներով՝ Վրաստանում 2023 թվականին խորհրդարանի թափանցիկությունը վատթարացել է։
Ըստ TI-ի՝ 2023 թվականին խորհրդարանը դարձել է էլ ավելի փակ ինստիտուտ քաղաքացիական հասարակության և քննադատական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Նշվում է, որ 2023 թվականին խորհրդարանի գործունեության գնահատման ընթացքում արձանագրվել է հիմնական մարտահրավերներից մեկը՝ քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են լուսաբանել խորհրդարանի նիստերը։
«Նախարարները և այլ հաշվետու անձինք ժամանակին և լիարժեք չեն արձագանքել պատգամավորների հարցերին, հատկապես, երբ հարցի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր է եղել։ Անպատասխան մնացած հարցերից 791-ի հեղինակը ընդդիմությունն է, իսկ խորհրդարանական մեծամասնության առաջ քաշած ընդամենը 5 հարց է անպատասխան մնացել։
Օրենքների նախագծերն արագացված կարգով վերանայելու պրակտիկան ևս մնում է մարտահրավեր։ Խորհրդարանն այս կարգով ընդունել է 122 օրենքի նախագիծ», — նշված է TI-ի զեկույցում։