Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տրանսպորտային ուղղության ղեկավար Շոմիկ Մենդրատի խոսքով, «Միջին միջանցք»-ի ներուժը (անցնում է նաև Վրաստանով- խմբ.) ամբողջովին օգտագործելու համար ենթակառուցվածքները պետք է արագ ստեղծվեն և թվայնացվեն, լրագրողներին ասել է Համաշխարհային բանկի «Առևտրի և տրանսպորտային միջին միջանցք. ոլորտային քաղաքականություններ և ներդրումներ եռակի բեռնափոխադրումների ու ճանապարհորդության ժամանակի կրճատում մինչև 2030 թվականը» զեկույցի տարածաշրջանային շնորհանդեսի ժամանակ։
Ըստ Մենդրատի՝ Համաշխարհային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարած հետազոտությունները պարզել են, որ «Միջին միջանցք»-ը մեծ ներուժ ունի։
«Այսօրվա հանդիպմանը հնարավորություն կունենանք խոսելու «Միջին միջանցք»-ի ներուժի մասին, որը կմիացնի Անդրկովկասի երկրները, Ղազախստանը, Վրաստանը, Չինաստանն ու ԵՄ երկրները և հնարավորություն կտա բեռնափոխադրելու այդ ուղղություններով։
Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից՝ «Միջին միջանցք»-ը մեծ ներուժ ունի։ Ե՛վ մենք, և՛ EBRD-ը հատուկ ուսումնասիրություններ ենք անցկացրել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Միջին միջանցք»-ը կարող է վերածվել մրցակցային միջանցքի։ Պետք է արագ կազմակերպել համապատասխան ենթակառուցվածքները, թվայնացումը։ Այդ միջանցքը նաև կդառնա նոր աշխատատեղերի ստեղծման աղբյուր»,- Business Media Georgia լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Մենդրատը:
Հատկանշական է, որ վերջին 3 տարում «Միջին միջանցք»-ով փոխադրվող բեռների ծավալն ավելանում է։ Հետազոտական ինստիտուտի՝ FPRI-ի տվյալներով, բեռնափոխադրումները 2020 թվականին 350 հազար տոննայից 2021 թվականին հասել են 530 հազար տոննայի:
«Միջին միջանցք»-ը զգալիորեն ամրապնդելու հնարավորություն ստեղծվեց 2022 թվականին, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։ 2022 թվականից եվրոպական առաջատար փոխադրողները՝ դանիական Maersk-ը, ավստրիական Rail Cargo Group-ը, ֆիննական Nurminen Logistics-ը, գերմանական CEVA Logistic-ը և Dutch Rail Bridge Cargo-ն սկսեցին օգտվել «Միջին միջանցք»-ից: Արդյունքում փոխադրված բեռների ծավալը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 6 անգամ՝ դառնալով 3,2 մլն տոննա։