Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո ասել է, որ Լեհաստանի աջակցությունը Վրաստանին եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ կենսական նշանակություն ունի:
Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, ինքը հանդիպմանը նշել է, որ Վրաստանն անում է ամեն ինչ Եվրահանձնաժողովի 12 կետերը կատարելու համար։
ԱԳ նախարարը նաև ասել է՝ Վրաստանն ու Լեհաստանը արժեքավոր գործընկերներ և համախոհ երկրներ են։ Ըստ նրա՝ երկու երկրներին միավորում են ոչ միայն պատմական խոր կապերն ու բարեկամության երկարամյա ավանդույթները, այլև՝ ընդհանուր շահերը։
«Վրաց ժողովուրդը միշտ կհիշի Լեհաստանի անձնուրաց աջակցությունը մեր երկրի նորագույն պատմության ամենադժվար ժամանակաշրջանում։ Անմոռանալի է Վրաստանի մեծ բարեկամ, նախագահ Լեխ Կաչինսկու շատ ամուր աջակցությունը մեր երկրին… Այսօր էլ Լեհաստանն առանցքային դեր է խաղում մեր արտաքին գերակայությունների իրականացման գործում։
Նախարարի այցը Վրաստան էլ ավելի կամրապնդի այդ համագործակցությունը։ Մենք ուրախ ենք, որ Լեհաստանն այդքան ամուր բարեկամ է։ Զրույցի ընթացքում մենք կենտրոնացել ենք Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու խնդրի վրա, ինչը մեզ համար կենսական նշանակություն ունի»,- ասել է Դարչիաշվիլին։
ԱԳ նախարարը նաև ընդգծել է՝ Եվրամիությանն անդամակցելու որոշակի պայմանների կատարմանը զուգընթաց, Վրաստանը շարունակում է Եվրամիության հետ համընդգրկուն քաղաքական, տնտեսական և ոլորտային ինտեգրման գործընթացը: