Վրաստանն ու Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից են․ Զուրաբիշվիլի

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է` Վրաստանն աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը։

Այդ մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմից հրավիրված նախաերդմնակալության ընդունելությունից հետո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Վրաստանն աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, նրանք (հայերը-հեղ.)ասում են, որ՝ իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ ամենահին քրիստոնյա երկրներ ենք, և դա մեզ սերտորեն կապում է… Մենք Ամերիկայի կարիքն ունենք։ Բայց կարծում եմ՝ Ամերիկան էլ մեր կարիքն ունի», — ասել է Վրաստանի 5-րդ նախագահը։

Զուրաբիշվիլին խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի մասին՝ նշելով, որ Մոսկվան ցանկանում է գերակայել տարածաշրջանում․ Վրաստանի նկատմամբ կիրառում է «նոր ռազմավարություն», ինչպիսին անում է Ռումինիայի և Մոլդովայի դեմ։