«Վրաստանն ու Արևմուտքի երկրները 2008 թվականին Կովկասում զարգացած ողբերգական իրադարձություններից դաս չքաղեցին», — այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում:
«Փոխարենը փորձելու թուլացնել անցյալի բեռը, խթանել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, պաշտոնական Թբիլիսին և նրա արևմտյան գործընկերները իրականացնում են հակառուսական հիստերիա՝ տարածաշրջանը համալրելով զենքերով և Վրաստանին ձգում դեպի ՆԱՏՕ: Այս ամենը փակուղի է ստեղծում, չի նպաստում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը», — ասված է հայտարարությունում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը ներդնում է այն բանի համար, որ հաստատվի երկխոսություն և լիարժեք բանակցություններ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Մոսկվան ակտիվ համագործակցում է Աբխազիայի և Հվ. Օսիայի հետ և օգնում ֆինանսապես, այդ թվում «ներդրումային ծրագրերի շրջանակներում, որոնց նպատակը սոցիալ-տնտեսական զարգացումն է:
Հիշեցնենք՝ այս օրերին լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին:
2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:
Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են: