Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա առթիվ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում գրելով․ «Վրաստան ինքը պետք է ընտրի իր ուղին»։
«Այժմ, երբ Ռուսաստանը պատերազմը վերադարձրել է եվրոպական մայրցամաք, ես կցանկանայի ևս մեկ անգամ հաստատել Ֆրանսիայի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը, իր անկախության վերականգնման այս խորհրդանշական օրը», — ասել է Մակրոնը:
Ըստ նրա՝ Թբիլիսիին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ Եվրոպական խորհուրդը միանշանակ արձագանքել է վրաց ժողովրդի ձգտումներին։ Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան այնքան ամուր կշարունակի մնալ Վրաստանի կողքին, որքան Վրաստանը կշարունակի ԵՄ ճանապարհը։
«Եվրոպայի ուղին օրենքի, ժողովրդավարության և ընդհանուր բարգավաճման խոստման ճանապարհն է՝ երկխոսության և վստահելի ու քաղաքավարի գործընկերության շրջանակներում»,- գրել է ֆրանսիայի նախագահը:
Վրաստանը մայիսի 26-ին նշում է Անկախության օրը։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։
1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգությունից հետո երկրում ակտիվացել էր ազգային շարժումը։ Վրաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ 1921 թվականի փետրվարի 25-ի ակտը ճանաչել որպես Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիա։ Ավելի ուշ նշանակվեցին Գերագույն խորհրդի ընտրություններ։ Ընտրությունները տեղի ունեցան 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, և հաղթանակ տարավ Զվիադ Գամսախուրդիայի գլխավորած «Կլոր սեղան-Ազատ Վրաստան» կուսակցությունը։
1991 թվականի մարտի 31-ին Գերագույն խորհուրդը համընդհանուր հանրաքվե անցկացրեց: Վրաստանի բնակչության 98,9 տոկոսը կողմ արտահայտվեց Վրաստանի անկախության վերականգնմանը։
1991 թվականի ապրիլի 9-ին հանրաքվեի հիման վրա Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին։ Նույն թվականի մայիսի 26-ին Վրաստանն ընտրեց առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային։