Քաղաքական վերլուծաբան, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնում է Պապյանը՝ հավելելով, որ Վրաստան մուտքի արգելքի մասին տեղեկացել է Հայաստանի միգրացիոն ծառայությունից։
Պապյանն ասում է, որ Վրաստանում վերջին անգամ մոտ 7 տարի առաջ է եղել, և թե որն է նման որոշման պատճառը, պատկերացում անգամ չունի։
«Իմ որևէ գրվածքների մեջ որևէ վիրավորական, արհամարհական խոսք չի եղել Վրաստանի նկատմամբ, եթե ռուսներն ու թուրքերը նեղանային, դեռ կհասկանայի։ Վրաստանի հետ կապված իմ գործունեությունը եղել է ընդամենը փաստաթղթի հրապարակում՝ Թուրքիայի դեսպանի նամակը Բրիտանիայի դեսպանին, որտեղ գրվում է Ստալինի՝ Բաթումը Արարատի ու Կաղզվանի հետ փոխանակելու մասին։ Այս փաստը միգուցե դուր չի եկել վրացիներին, սակայն դա իմ մեղքը չէ, դա իրողություն է՝ արձանագրված Թուրքիայի դեսպանի նամակի մեջ։ Ես համապատասխան աղբյուրներին հղում եմ արել, կարող են հակափաստարկներով հերքել»,-ասում է Պապյանը։
Ըստ քաղաքագետի՝ իր գործունեությունից Վրաստանը միայն շահել է․
«Ես Վրաստանին շատ եմ օգնել, երբ ներկայացուցիչ չունեին Կանադայում, փորձել եմ աջակցել ամեն հարցով, Վրաստանն իմ գործունեությունից բազմիցս շահել է»։
Ի տարբերություն Վրաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված Հայաստանի այլ քաղաքացիների՝ Պապյանն ասում է, որ քայլեր չի պատրաստվում ձեռնարկել․
«Վրաստանում որևէ ազգակցական կապ չունեմ, այնտեղ մեկնելու անհրաժեշտություն էլ ոչ միշտ եմ ունենում, որպեսզի այս որոշման դեմ որևէ քայլ ձեռնարկեմ»։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայ գործիչների մուտքը Վրաստան արգելվում է։ Իհարկե, հետո պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն պարբերական բնույթ կրող այս «տեխնիկական խնդիրները» անհարմարություններ են ստեղծում։
Անցյալ տարի՝ 2019-ի հունիսի 6-ին թույլ չէին տվել Վրաստան մուտք գործել արմատներով Վրաստանի Ախալքալաք քաղաքից, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին։
2019-ի Հոկտեմբերի 11-ին էլ վրաց-հայկական սահմանային «Նինոծմինդա-Բավրա» անցակետում ավելի քան 4 ժամ սպասելուց հետո, հայաստանյան Epress.am կայքի լրագրողներին էին արգելել մուտք գործել Վրաստան։
Ավելի վաղ նույնպես նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ առանց որևէ հիմնավորման Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել հայ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներին՝ օրինակ՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ երջանկահիշատակ Սամվել Կարապետյանին, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանին և այլն։
Աշոտ Մելքոնյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում հույս հայտնեց, որ իրավիճակը կշտկվի՝ հաշվի առնվելով հայ-վրացական վերջին շրջանի հարաբերությունները։
«Ինձ թեև հիմա թույլ են տալիս մուտք գործել Վրաստան, սակայն սահմանին երկար սպասեցնում են, տարբեր փաստաթղթեր են պահանջում։ Մեր վարչապետը բազմիցս նշում է, որ երկու հանրապետությունների միջև դավադրություն չպետք է լինի, մնում է միայն հուսալ, որ կվերացվի նաև այս անվստահության մթնոլորտը, իրադարձությունները թույլ են տալիս հույսը չկորցնել»։
Հայաստանի միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում հաստատեց Արա Պապյանի հետ տեղի ունեցած միջադեպը` նշելով, որ միգրացիոն ծառայությունը զբաղվում է հետագայում նմանօրինակ միջադեպերի կանխման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն «Ալիք մեդիային» հայտնեց, որ օրերս Փաշինյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցելության ժամանակ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան թույլ չտալու խնդիրը չի քննարկվել, սակայն ևս հաստատեց, որ միգրացիոն ծառայությունը զբաղվում է հարցի կարգավորմամբ։