Ծագումով Հնդկաստանից Դարիսպան Փրեշերը 20 տարի է, ինչ ապրում է Վրաստանում։ Փրեշերն աշխատում է հասարակական հատվածում, ղեկավարում է վրաց-հնդկական կազմակերպությունը։ Ասում է՝ Վրաստանում իր ադապտացմանը նպաստել է ժամանակին վրացերեն խոսել և կարդալ սովորելը։
«Առաջին անգամ չնախատեսված այցով Վրաստան եկա 2002 թվականին։ Հնդկաստանում մի վրացի ինձ բիզնես ծրագրեր առաջարկեց։ Առաջին այցս, սակայն, դառ փորձ էր․ եկա այստեղ, կորցրի ամեն ինչ, կոտրվեցի․ իմացա, որ այլևս ոչինչ չունեմ՝ ո՛չ տուն, ո՛չ ուտելիք», — պատմում է նա։
Փրեշերը հուզմունքով է հիշում իր կյանքի այդ փուլը և ընդգծում, որ իրավիճակից ելքը գտել է լավ մարդկանց օգնությամբ․
«Անծանոթները, նոր ընկերներս ինձ օգնեցին, մեկը ինձ տարավ իր տուն, մեկը ուտելիք տվեց, ամեն ինչում օգնեցին։ Վեց ամիս ապրեցի նման պայմաններում։ Հետո ոստիկանություն հայտարարություն գրեցի, որ ինձ խաբել են, ոստիկանությունում ասացին, որ մինչև գործի քննությունը չավարտվի, չեմ կարող հեռանալ երկրից»։
Փրեշերն ասում է, որ չցանկացավ ժամանակ վատնել և սկսեց վրացերեն սովորել․
«Ես հաստատ գիտեի, որ վրաց լեզվի իմացությունն ինձ անհրաժեշտ է, գնացի ուսուցչի մոտ, ուզում էի հաղորդակցման որոշ բառեր սովորել, բայց նա ինձ խորհուրդ տվեց, որ եթե ուզում ես վրացերեն սովորել, նախ պետք է սովորես այբուբենը»։
Փրեշերը վստահ էր, որ վրացերենի իմացությունը օգտակար կլինի. «Վրացական այբուբենը սովորեցի 3 օրում, շատ էի կարդում, ականջով չէի սովորում, դրա համար սովորեցի գրելով։ Եթե վրացերեն գիտես, ուրեմն համարիր, որ Վրաստանում քեզ լավ կվերաբերվեն։ Իմ փորձից ելնելով` խորհուրդ եմ տալիս բոլորին սովորել երկրի լեզուն, որտեղ ապրում են»:
«9 ամիս հետո վերադարձա Հնդկաստան, բայց հոգիս ու սիրտս մնաց Վրաստանում, կարոտում էի երկիրն ու ժողովրդին, հաճախ էի գալիս։ Ամեն 5-6 ամիսը մեկ։ Հնդկաստան եկող վրացիներն իմ բջջային հեռախոսահամարն ունեին, որպեսզի ես կարողանամ նրանց օգնել, եթե ինչ-որ բան պատահի»,- հիշում է Փրեշերը։
«Ես միշտ կապ եմ ունեցել Վրաստանի հետ», — ասում է Փրեշերը և շարունակում․ «2010 թվականին, երբ որոշվեց Հնդկաստանում բացել Վրաստանի դեսպանաթյունը, ինձ հետ կապ հաստատեցին՝ առաջարկելով աշխատել դեսպանատանը։ 4 տարի աշխատել եմ դեսպանատանը, 2015-ին դիմում գրեցի և եկա Վրաստան»։
Փրեշերն ասում է, որ Վրաստանում խտրական մոտեցում չի զգացել․ ենթադրում է, որ դրա պատճառներից մեկը վրացերենի իմացությունն է։
«Ազգությամբ պայմանավորված տարբերություններ երբեմն լինում են, բայց դա, իմ կարծիքով, բնական է, դա միայն Վրաստանի դեպքում չէ, Վրաստանում և Հնդկաստանում նույնպես, երբ մի շրջանից մյուսն ես տեղափոխվում, կարող ես հանդիպել որոշ տարբերությունների, երբեմն նույնիսկ խտրականություն։ Ես իմ դեպքում մեծ խնդիր չեմ ունեցել»։
Փրեշերը, սակայն, միևնույն ժամանակ չի թաքցնում, որ կան ազգային խտրականության դեպքեր։ Նրա խոսքով, Վրաստան ժամանած հնդիկների, հատկապես հնդիկ ուսանողների հիմնական խնդիրը բնակարան գտնելն է։ Եղել են դեպքեր, երբ սեփականատերը ուսանողին վարձով բնակարան չի տրամադրել միայն այն պատճառով, որ նա հնդիկ է։
Հնդիկ գործիչը պատմում է՝ որ 2016-2017 թվականներին, երբ տեսավ, որ Հնդկաստանից եկող ուսանողների թիվը զգալիորեն ավելանում է, ՀԿ հիմնեց՝ օգնելու համար նրանց։
«2017-ին մենք հիմնեցինք հասարակական կազմակերպություն՝ «Մշակութային բազմազանությունը հանուն խաղաղ ապագայի», որին միացել են հնդիկ ուսանողները։ 2017 թվականից մենք սկսել ենք մշակութային միջոցառումներ անցկացնել։ Բոլոր այն տոները, որոնք նշվում են Հնդկաստանում, այստեղ նույնպես տոնում ենք։ Բայց պետք է շեշտեմ, որ ես աշխատում եմ ոչ միայն Վրաստանում հնդկական մշակույթի տարածման, այլև Հնդկաստանում վրացական մշակույթի առաջմղման ուղղությամբ»:
Ֆրաշերի համար ամենահիշարժան իրադարձություններից էր 2020 թվականին Դելիում կայացած վրաց-հնդկական մշակութային փառատոնը, որը տևել է երեք օր։
Համավարակի պատճառով վերջին տարիներին միջոցառումներ պարբերաբար չեն կազմակերպվել, բայց վստահեցնում է վրաց-հնդկական կապերը վերստին ակտիվանում են․ մեկ ամիս առաջ էլ վրացի երիտասարդների հետ Հնդկաստանի մի շարք քաղաքներում ներկայացումներ են ցուցադրվել, ներկայացվել է վրացական մշակույթը․
«Բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր ունենք Վրաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները բարելավելու համար», — ասում է նա և հավելում, որ վրաց-հնդկական կապերը պետք է բարձր մակարդակի հասցնել․ «Ես երբեք չեմ մտածել Վրաստանից հեռանալու մասին և ինձ չեմ պատկերացնում Վրաստանից դուրս»։