Ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս Եվրամիության ճանապարհին է, պարզապես չի համապատասխանում իրականությանը, վրաստանյան Interpressnews լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանը:
Դեսպանի խոսքով, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը փաստացի դադարեցված է։
«Եվրահանձնաժողովը վերստին նշել է, որ Վրաստանի՝ Եվրամիություն մտնելու գործընթացը փաստացի կասեցված է: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա ավելի պարզ ասել: Այնպես որ, ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս ԵՄ-ի ճանապարհին է, պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Նիդերլանդների դեսպանը։
Նա նաև հիշեցրել է՝ Վրաստանին ոչ ոք չի ստիպում դառնալ Եվրամիության անդամ. անդամակցության համար հայտ ներկայացնելը Վրաստանի որոշումն էր, սակայն անդամակցության հայտ ներկայացնելով՝ երկիրը համաձայնում է կատարել անդամակցության չափանիշները, որոնք ենթակա չեն բանակցությունների։
«ԵՄ անդամակցության ամենակարևոր չափանիշներն են ամուր ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը և փոքրամասնությունների պաշտպանությունը»,- հավելել է Առաքելյանը:
Դեսպանը կարծում է՝ երկար ժամանակ կպահանջվի Վրաստանի կառավարության հետ վստահությունը վերականգնելու համար: