
Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն իր X սոցիալական էջում, անդրադառնալով Վրաստանում ընդունված օրենքին, գրել է, որ Վրաստանն ավելի է խրվում ավտորիտարիզմի մեջ։
Նա նաև կոչ է արել ԵՄ երկրներին` արձագանքել «Վրացական երազանք»-ի գործողություններին։
«Վրաստանն ավելի է խրվում ավտորիտարիզմի մեջ: «Վրացական երազանք»-ի ներկայացրած նոր օրենքը ստիպում է միջազգային դոնորներին ստանալ կառավարության թույլտվությունը՝ ֆինանսավորելու համար հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին կամ քաղաքացիական խմբերին։ Եվրամիության ընկերներ, սա չպետք է անպատասխան մնա: Անհրաժեշտ են պատժամիջոցներ, ԵՄ-ի և Վրաստանի քաղաքականության ամբողջական վերանայում և նոր ընտրություններ», — գրել է Յուկնևիչենեն։
Նրա խոսքով` իրենք չեն կարող թույլ տալ, որ «Վրացական երազանք»-ը Վրաստանը վերածի Բելառուսի։
Հիշեցնենք, «Վրացական երազանք»-ի կառավարությունը վերջնականապես արգելեց օտարերկրյա դրամաշնորհների ընդունումն առանց կառավարության համաձայնության։
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը 2 օրում քննարկեց և հաստատեց քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ ուղղված օրենքն արագացված ընթացակարգով։