
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գուրամ Գուրամիշվիլիի խոսքով՝ ՆԳՆ-ն աշխատանքներ է տանում վարորդական վկայականները ԵՄ-ում ճանաչելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Գուրամիշվիլին ասել է՝ ի պատասխան Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հնչած համապատասխան հարցին։
«Ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն աշխատում է, որպեսզի վրացական վարորդական վկայականները ճանաչվեն հնարավորինս շատ երկրներում, հատկապես Եվրամիությունում»,- ասել է Գուրամիշվիլին։
Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում այս հարցը Գուրամիշվիլիին ուղղել է խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն։
«Կարող ենք ասել, որ վարորդական իրավունքի ստացման եվրոպական ընթացակարգի ամբողջական կիրառման դեպքում Վրաստանում տրված վարորդական վկայականները ավելի մեծ շանս ունեն ճանաչվելու նաև ԵՄ երկրներում»,- ասել է Թալակավաձեն։