Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Իսպանիա է մեկնել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Չխեիձեն: Ըստ փաստաբանի, երկրից մեկնելու պատճառը եղել է Դավիթ Բագրատիոնիի մոր առողջական վիճակը:
Փաստաբանը նաև ասել է, որ Դավիթ Բագրատիոնին չի պատրաստվում վկայություն տալ:
Հիշեցնենք, վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել։
Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու և պատմությունը խեղաթյուրելու համար:
Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։
Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում:
Դատավարության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. Վրացական «գահերի խաղը»․ Բագրատիոնիներն ընդդեմ Բագրատիոնիների
Նշենք նաև, որ Բագրատիոնիների թագավորությունը սկիզբ է առել 978 թվականին՝ Բագրատ III-ի գահակալությամբ։ Բագրատիոնիների դինաստիան իշխել է մինչև1801 թվականը, երբ կայսր Ալեքսանդր 1-ինի հրամանով վրացական թագավորությունը միացվեց Ռուսաստանին։
Այսօր համարվում է, որ Բագրատիոնների երեք ճյուղ գոյություն ունի՝ Վրաստանցի, Մուխրանելի և Իմերելի: Լրատվամիջոցների հաղորդմամբ, առաջին երկուսը հասել են դատարան՝ պարզելու, թե իրենցից որն է անմիջական ժառանգորդ ճյուղը: