Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, Վրաստանն ավելի մեծ բարեկամ չունի, քան Միացյալ Նահանգները:
«Մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի հաջողությանը և օգնելու ենք հասնել մեր ընդհանուր նպատակին՝ ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան ունենալուն, որը լիովին ինտեգրված կլինի եվրատլանտյան ընտանիքին»,- ասել է Դեգնանը:
ԱՄՆ դեսպանի համար անհասկանալի է, թե ինչու եվրաինտեգրման հարցով վճռական պահին որոշ քաղաքական գործիչներ փորձում են պառակտում և հակամարտություն ստեղծել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև:
«Քանի որ ռևանշիստ Ռուսաստանը քաոս և ավերածություն է սերմանում, Վրաստանը և նրա գործընկերները պետք է ավելի քան երբևէ միասին աշխատեն՝ ապահովելու խաղաղություն, անվտանգություն և հակազդելու ռուսական ագրեսիային»:
Դեսպանի խոսքով, դժվար է հասկանալ, թե ինչու են որոշ քաղաքական գործիչներ ցանկանում մասնատել Վրաստանն ու նրա դաշնակիցներին նման պահին։
Ասում է՝ Վրաստանն իր բնական դաշնակիցներից հեռացնելու ցանկացած փորձ ծառայում է միայն նեղ շահերին, այլ ոչ թե վրաց ժողովրդի շահերին։
Քելլի Դեգնանը նկատում է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև սերտ ռազմավարական գործընկերությունը մեծ օգուտներ է բերել երկու երկրներին.
«Մենք շարունակում ենք կենտրոնանալ այն հարցի վրա, որն իսկապես կարևոր է՝ Վրաստանի եվրաատլանտյան ապագան: Դրանում ներգրավված բոլոր կողմերը պետք է գան բանակցությունների սեղանի շուրջ՝ առավելագույնս անելու, որ Վրաստանն իր տեղը զբաղեցնի միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայում»:
Դեսպանը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին ավելի քան 6 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել:
Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության շարունակությանը։
«ԱՄՆ-ի և Վրաստանի միջև սերտ ռազմավարական գործընկերությունը մեծ օգուտներ է բերել ինչպես Վրաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին։ Անցած 30 տարիների ընթացքում մենք ավելի քան վեց միլիարդ դոլարի օգնություն ենք տրամադրել Վրաստանին, հազարավոր վրացիներ մասնակցել են փոխանակման ծրագրերին, իսկ Միացյալ Նահանգները տասնյակ հազարավոր վրացի զինվորների է պատրաստել՝ ավելի լավ պաշտպանելու Վրաստանի սահմանները։ Վրաստանը մեր գործընկերության շնորհիվ ավելի ապահով է, ավելի բարգավաճ և ավելի ժողովրդավար»,- ասել է Դեգնանը։