Վրաստանին սպասվում է ռուսաստանյան սցենարը

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն X-ում հրապարակել է իր կարծիքը Վրաստանում ընթացող գործընթացների մասին։

Նա հարցադրում է արել, թե ինչ է սպասվում Վրաստանին․ «Վրաստանի ժողովուրդը կընտրի՞ Եվրամիությունն ու հույսը, թե՞ չնայած եվրոպական արժեքներին, կգնա փոխզիջման․․․»։

Լիտվայի արտգործնախարարը ևս մեկ անգամ պնդել է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքն արդարացված չէ։

«Այսպես կոչված «Թափանցիկության մասին» օրենքը թափանցիկության հետ կապ չունի: Նպատակն է հետևել երկրում առկա քաղաքական գործընթացները քննադատող կազմակերպություններին: Օրենքի թիրախ են դառնալու հիմնականում ԵՄ-ից և ԱՄՆ-ից ֆինանսավորվող կազմակերպությունները», — ասել է Լանդսբերգիսը։

Նա վստահեցրել է, որ օրենքը կյանքի կոչելու դեպքում իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես Ռուսաստանում։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Լիտվայի, Էստոնիայի, Լատվիայի և Իսլանդիայի արտգործնախարարները Վրաստան են այցելել՝ կոչ անելու իշխանություններին հետ կանչել «ռուսական օրենքը»։ Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «գործակալների մասին» օրենքին։