Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու պնդումները սուտ են. Բրիտանիայի դեսպան

Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը պարզաբանել է, որ ճիշտ չեն այն պնդումները, թե «Արևմուտքը Վրաստանից պահանջել է ներգրավվել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին»։ Ըստ նրա՝ բրիտանական կառավարությունը Վրաստանից պահանջել է՝ արգելել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումը և կիրառել ֆինանսական պատժամիջոցներ։

«Մեզնից շատերը լսել են, թե Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» բացի կամ ինչ-որ բան անի, որը կվնասի իր անվտանգությանը, սեփական տնտեսությանը` ճնշում գործադրելու համար Ռուսաստանի դեմ: Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը», — ասել է դեսպան Ուորդը:

Փետրվարի 24-ին Թբիլիսիում Ռոնդելի հիմնադրամի քննարկմանը Ուորդն ասել է, որ Լոնդոնը միայն խնդրել է, որ «Վրաստանը չօգտագործվի որպես մարտադաշտում կիրառվող բեռների տարանցիկ կետ»:

«Վրացական երազանք»-ը Արևմուտքի հետ բացեիբաց հարաբերությունների ծայրահեղ լարվածություն է հրահրել, նրանց մեղադրում է Վրաստանում «երկրորդ ճակատ բացելու» դավադրության համար, որի հետևում կանգնածներին սկզբում անվանել է «գլոբալ պատերազմի կուսակցություն», իսկ վերջերս՝ «Դիփ սթեյթին»: Սա, ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հերթական կեղծիքն է, որով վերջինս փորձում է մոլորեցնել վրաց ժողովրդին, թաքցնել ժողովրդավարությունից հեռանալն ու, Արևմուտքին մերձենալու փոխարեն, երկիրը տանում է դեպի բռնապետություն՝ Ռուսաստան: