«Ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի կառավարությանը ոչ ոք չի պարտադրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե նրանք չեն ցանկանում դա անել և եթե այդպես են որոշել»,- այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։
Դեգնանի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի գործողությունների վրա ազդելուն։
«Կարևոր է հիշել, որ 2008 թվականից ի վեր Վրաստանին միլիարդավոր դոլարների օգնություն է ցուցաբերվել։ Ես և այլ երկրների ներկայացուցիչներ մեծ ջանքեր ենք գործադրել Վրաստանն ու նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Վրաստանի պաշտպանության ուժերը 2008-ի համեմատ ուժեղացել են ԱՄՆ-ի և այլ բարեկամների հետ համագործակցության արդյունքում»,- ասել է Դեգնանը։
Ըստ Դեգնանի՝ այժմ կարևոր է, որ բոլորը միասնական դիրքորոշում ունենան ռուսական ագրեսիայի նկատմամբ, որը խլել է հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչների կյանքեր և ավերել ուկրաինական քաղաքներ.
«Վրաստանը միշտ լավ գործընկեր է եղել միջազգային պատժամիջոցների կիրառման գործում՝ լինի դա Իրանի, թե որևէ այլ երկրի դեպքում, որոնք գործել են Վրաստանի, ԱՄՆ-ի և բոլոր այն երկրների դեմ, որոնք հավատում են ազատությանը, կայունությանը և անվտանգությանը»։
Նշենք՝ երեկ CNN-ին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, թե «իրականությանը չի համապատասխանում այն, որ Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին»։ Ըստ նախագահի՝ իրականում Թբիլիսին Մոսկվայի դեմ բազմաթիվ միջազգային պատժամիջոցների մասնակից է։