Վրաստանին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին ԵՄ անդամակցության թեկնածու համարվելու համար։

Այս տեսակետը Բորելը հայտնել է «Европейская правда» լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Նա ասել է, որ Վրաստանի և Ուկրաինայի միջև նմանություն չի տեսնում։

«Ուկրաինայի նախագահը և կառավարությունը լիովին ներգրավված են Եվրամիությանն անդամակցելու գործում, նույնը և` ուկրաինական հասարակությունը։ Կասկածից վեր է, որ երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Վրաստանի դեպքում այդպես չէ. Մենք Վրաստանի կառավարությանն ասել ենք, որ նրանք հեռանում են եվրոպական ճանապարհից: Իսկ եթե ուզում են դառնալ Եվրամիության անդամ, պետք է փոխեն հաստատված օրենքը (նկատի ունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը — հեղ.), լուծեն ընտրություններում բացահայտված խնդիրները և նորից վերադառնան եվրաինտեգրման ճանապարհին։ Նրանց անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ Եվրամիության թեկնածու դիտարկվելու համար»,- ասել է Բորելը։

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք»-ի ընդունած հակաժողովրդավարական օրենքներից հետո Վրաստանի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է։ Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, քանի դեռ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների մասին» օրենքները չեղյալ չեն հայտարարվել, և կառավարությունը չի փոխել իր ներկայիս ընթացքը: