ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն անսասան է Վրաստանին և նրա տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Փրայսը նման կերպ արձագանքել է սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում տրված հարցին, թե ինչպես են գնահատում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ օկուպացված Աբխազիա ժամանումը։
Ըստ Փրայսի՝ Ռուսաստանը պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ռազմական ուժերը դուրս բերի օկուպացված տարածքներից և չեղարկի Վրաստանի շրջանների` Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը։
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որով դատապարտում է Լուկաշենկոյի այցը Աբխազիա։