Եվրամիությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու նպատակով 40 հոգանոց դիտորդական խումբը կուղարկի Վրաստանից, հաղորդում է «Ալիք մեդիան»։
ԵՄ արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում հաստատել են Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված որոշումը։
«ԵՄ դիտորդական կարողությունների արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կտեղակայվեն Վրաստանի ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMM Georgia):
Եվրամիության դիտորդական առաքելությունը օպերատիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի դա չազդի Վրաստանում նրա մոնիտորինգի արդյունավետ աշխատանքի վրա»,- նշված է Եվրախորհդի կայքում։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու, վերլուծելու և զեկույցներ պատրաստելու նպատակով փորձագետները կտեղակայվեն Հայաստանի կողմից։
Խորհրդի տվյալներով, Հայաստան-Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելության աշխատանքը չի տևի երկու ամսից ավելի։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում համաձայնեցված հռչակագրին, որով երկու պետություններն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Բացի այդ, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել՝ այնքանով, որքանով որ առնչություն կունենա դրա հետ։