Վրաստանից տագնապալի հայտարարություններ ենք ստանում, որոնք կարծես վկայում են այն մասին, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է գողանալ գալիք խորհրդարանական ընտրությունները, նշված է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 24 անդամներից կազմված գրավոր հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշված է, որ դա արտահայտվում է ընդդիմության թեկնածուների և նրանց կողմնակիցների դեմ զանգվածային ահաբեկման արշավով, ներառյալ` ընտանիքների ահաբեկումն ու գրասենյակների վնասումը, ապատեղեկատվության տարածումը, իբր՝ «իշխանությունը կիմանա, թե ով ում օգտին է քվեարկել», նաև` տեղական դիտորդական կազմակերպությունների դեմ հակակոռուպցիոն օրենսդրության չարաշահումը:
«Ընտրությունների արդյունքների միջազգային ճանաչում ձեռք բերելու համար իշխանությունը պետք է դադարեցնի հակաժողովրդավարական գործելաոճը և փոխի իր կուրսը։ Ընտրություններին միջազգային դիտորդների, նաև՝ Խորհրդարանական վեհաժողովի դերը վճռորոշ է` վրաց ժողովրդին հնարավորություն տալու համար` ազատորեն որոշել իր ապագան»,- ասված է հայտարարության մեջ: