2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը 23,5 մլն դոլարից նվազել է մինչև 1,08 մլն դոլար, գրում է BusinessPressNews-ը:
Տեղեկության համաձայն, պատճառն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պատժամիջոցների շրջանակներում Վրաստանից Ռուսաստան ամերիկյան և եվրոպական մեքենաների վերաարտահանման/արտահանման արգելքն է։
2023 թվականի սեպտեմբերին Վրաստանից Ռուսաստանում վաճառվել է ընդամենը 26 մեքենա՝ 304,8 հազար դոլար արժողությամբ, օգոստոսին 85 մեքենա՝ 781,8 հազար դոլար արժողությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստան է վերաարտահանվել 11 մլն 473 հազար դոլար արժողությամբ 660 ավտոմեքենա, իսկ նույն տարվա օգոստոսին՝ 12 մլն 030 հազար դոլար արժողությամբ 739 ավտոմեքենա։
Հարկ է նշել, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 1,5 մլրդ դոլարի ավտոմեքենա, մինչդեռ 2022-ի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 592,2 մլն դոլար։
Ի դեպ, Եվրամիության 11-րդ փաթեթի շրջանակներում սեպտեմբերի 26-ից արգելվել է եվրոպական ավտոմեքենաների վերաարտահանումը/արտահանումը Վրաստանից Ռուսաստան և Բելառուս։ Ավելի վաղ՝ նույն թվականի օգոստոսի 1-ից, արգելվել էր ամերիկյան ավտոմեքենաների արտահանումն այդ երկրներ։