Այս տարվա հունվար-նոյեմբերին Վրաստանից արտահանվել է 96 150 065 շիշ գինի, ինչը պատմական բարձր ցուցանիշ է անկախ Վրաստանի օրոք։ Ասվում է Գինու ազգային գործակալության տարածած հայտարարության մեջ:
Գինու ազգային գործակալության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանվող գինու ծավալն աճել է 14%-ով։
Արտահանված գինուց եկամուտը կազմել է 222 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4%-ով։
Վրացական գինու ռազմավարական շուկաներում արտահանման աճի դինամիկան պահպանվում է՝ Լեհաստան՝ 29%, Չինաստան՝ 26%, ԱՄՆ՝ 12%, Գերմանիա՝ 13%, Լատվիա՝ 10%, Լիտվա՝ 44%, Ճապոնիա՝ 12% և Միացյալ Թագավորություն՝ 76%։
Աճը զգալի է հետևյալ երկրներում՝ Կանադա՝ 91%, Շվեդիա՝ 97%, Չեխիա՝ 259%, Ֆրանսիա՝ 6% (84028), Իսրայել՝ 62% (422839), Ղազախստան՝ 38%, Ադրբեջան՝ 21%, Թուրքիա՝ 209%, Ուկրաինա՝ 11%, Ռուսաստան՝ 6%, Մոնղոլիա՝ 174%, Բելառուս՝ 26% և այլն:
Վրաստանից տարբեր ծավալների գինի են արտահանել 421 ընկերություններ։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում արտահանվել է 38,2 մլն շիշ (0,5 լ) բրենդային գինի, ինչը 30%-ով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից։ Բրենդի արտահանումից ստացված եկամուտը հասել է 70,9 մլն դոլարի (17%)։