ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս մեկ անգամ շեշտել է, որ «Վրացական երազանք»-ի գործողությունները մտահոգիչ են։ Պետքարտուղարն ընդգծել է՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև ամերիկյան օգնության կասեցումը, հետևանք են «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ գործողությունների։
«Ե՛վ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն տեսել են ժողովրդավարական հետընթացը Վրաստանում, որը խորապես մտահոգիչ է։ Ոչ միայն ժողովրդավարականհետընթաց, այլ նաև շեղում վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության՝ ապագայի կերտման ձգտումներից, որն ավելի մոտ կլինի Եվրոպային: Տեսնելով այդ հետընթացը, ժողովրդի հստակ կամքին հակառակ իշխանության գործողությունները, բազմաթիվ հարցեր առաջ բերած ընտրությունները, ժողովրդի դեմ իշխանության ռեպրեսիվ գործողությունները, մենք և մեր գործընկերները քայլեր ձեռնարկեցինք», — Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ Փարիզում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Էնթոնի Բլինքենը։
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իվանիշվիլիի և կառավարության այլ անդամների նկատմամբ՝ դադարեցնելով ամերիկյան օգնությունը Վրաստանի կառավարությանը։