ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը կրկին հայտարարել է, որ Վրաստանի ժողովրդավարական հետընթացը հետևանքներ կունենա: Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում Միլլերը պատասխանել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից Վրաստանին տրամադրվող օգնության դադարեցման մասին լրագրողների հարցին։
«Սա Եվրոպական միության որոշումն է, և նրանք ավելի ճիշտ կմեկնաբանեն դա: ԵՄՆ-ն, ինչպես և ԱՄՆ-ն՝ հստակ ասել են՝ երբ խոսքը վերաբերում է Վրաստանի հետ մեր հարաբերություններին, ժողովրդավարական հետընթացը հետևանքներ կունենա»,- ասել է Միլլերը:
Հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերանայումը, Միլլերը պատասխանել է. «Հարաբերությունների վերանայումը դեռ շարունակվում է»։
Հիշեցնենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։