Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին անցկացվելիք նիստում կլսի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեին: Նիստին հրավիրված է նաև Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան:
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումները կվերաբերեն Աբաշիձե-Կարասին վերջին հանդիպումներին, քննարկված հարցերի շրջանակներին, ընդհանրապես ռուս-վրացական երկխոսության Ժնևյան բանակցությունների ընթացքին։
Վերջին շրջանում ներքաղաքական կյանքում իրարամերժ կարծիքներ են հնչում Աբաշիձե-Կարասին հանդիպումներում քննարկվող թեմաների շուրջ։
Ընդդիմությունը, ում իշխանության տարիներին է ստորագրվել պայմանագիրը, այսօր քննադատում է իշխանություններին՝ նշելով, թե «Վրաստանը Ռուսաստանին լուրջ զիջում է պատրաստվում անել»։ Խոսքը գնում է Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թվականին առևտրային միջանցքների վերաբացման մասին ստորագրված համաձայնագրին, որի շուրջ բանակցություններն ըստ տարբեր լրատվամիջոցների, մոտենում են հանգուցալուծման։
Նիստը կմեկնարկի մարտի 4-ին, ժամը 12:00-ին: